Դաշնակահարուհի Անահիտ Ստելմաշովն մի քանի օրից Ախալքալաքից կմեկնի Ֆրանսիա մասնակցելու SOS Talents-ի դափնեկիր դաշնակահարերի ամենամյա համերգին:
Դեկտեմբերի առաջին շաբաթում Փարիզում տեղի կունենա SOS Talents-ի դափնեկիր դաշնակահարերի համերգ և բարեգործական ընդունելություն, որին առաջին անգամ մասնակցելու իրավունք է ստացել Անահիտ Ստելմաշովը: Ազգությամբ վրաց հայտնի դաշնակահարուհի Էլիսո Բոլքվաձեի նախաձեռնությամբ և աջակցությամբ Փարիզի գալահամերգին Վրաստանից կմասնակցեն 4 պատանի երաժիշտներ։
SOS Talents-ի դափնեկիր դաշնակահարերի համերգը կանցկացվի Բոնապարտի անվան պատմական պալատում, որին ներկա կգտնվեն մոտ 200 հյուր, այդ թվում տարբեր երկրների բարձրաստիճան դիվանագետներ:
Այս տարի Փարիզի ամենամյա համերգին կմասնակցեն ութ կրթաթոշակ ստացողները, որոնցից չորսը Վրաստանից են, երեքը՝ Լիտվայից և մեկը՝ Ռուսաստանից։ Վրաստանը Ֆրանսիայում կներկայացնեն՝ 11 տարեկան Անահիտ Ստելմաշովը Ախալքալաքից, 12 տարեկան Բարբառե Չխաիձեն Բաթումից, 14 տարեկան Իլիա Լոմթաթիձեն և 14 տարեկան Բարբառե Թաթարաձեն նույնպես Թբիլիսիից։
11-ամյա տաղանդավոր դաշնակահարուհին Ախալքալաքից այս օրերին 7-8 ժամ տքնաջան պարապում է, որպեսզի Փարիզում լավագույնս ներկայանա:
«Դպրոց գնում եմ, բայց շուտ եմ գալիս, որ պարապեմ: Ինձ համար շատ մեծ պատասխանատվություն է Փարիզում նվագել: Երջանիկ եմ, որ 4 ընտրյալներից մեկն ես եմ: Երազում եմ նմանվել հայտնի դաշնակահարուհի Էլիսո Բոլքվաձեին», – ասաց Անահիտ Ստելմաշովը:
SOS Talents-ի միջազգային հիմնադրամը հիմնադրվել է 2000 թվականին հայտնի ֆրանսիացի երաժիշտ և մեթոդաբան Միշել Սոնիի կողմից: Հիմնադրամը նպատակ ունի աջակցել երիտասարդ տաղանդավոր երաժիշտներին նրանց ներկայացնել միջազգային ասպարեզում: Հիմնադրամի կողմից ընտրված երեխաները, դպրոցական ծրագրին զուգահեռ լրացուցիչ կսովորեն Միշել Սոնիի կողմից մշակված հատուկ մեթոդիկան, ինչը նրանց հնարավորություն կտա շատ արագ և արդյունավետ զարգացնել երաժշտական և տեխնիկական կարողությունները։
SOS Talents հիմնադրամի շրջանակներում տարբեր ժամանակաշրջաններում Վրաստանը ունեցել է դափնեկիր դաշնակահարեր՝ Խատիա և Գվանցա Բունիաթիշվիլիները, Նաթիա և Թամար Բեռաիաները, Անա Գոգավան, Անա Ղիփիանին և Թեդո Դիակոնիձեն։ Արդեն 6 տարի է ինչ հիմնադրամի կրթաթոշակառուներն են՝ Բարբառե Թաթարիձեն և Իլիա Լոմթաթիձեն։
Նշենք, որ օրերս ախալքալաքցի փոքրիկ դաշնակահարուհի Անահիտ Ստելմաշովը Բաթումից է վերադարձել, որտեղ կայացած համերգին մասնակցում էին Վրաստանի տարվա լավագույն երաժիշտները:
Աղունիկ Այվազյան