Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ախտահանման միջոցառումները, տեղական իշխանություններն Ախալքալաքի քաղաքային կազմակերպություններում կիրականացնեն սեփական ուժերով, քանի որ մասնագիտացված կազմակերպությունները ծանրաբեռնված են, և դեռևս չեն կարող իրականացնել աշխատանքները:
Փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանի խոսքերով, Ախալքալաքի մունիցիպալիտետի հիմնարկություններում ախտահանման միջոցառումները կսկսվեն վաղը՝ օրվա երկրորդ կեսին: Մունիցիպալիտետի ղեկավարությունը ՀԱԿ-ի հետ միասին Թբիլիսիում փնտրում էին կազմակերպություններ, որոնք կկարողանային իրականացնել ախտահանման աշխատանքներ, բայց կազմակերպությունները պահանջել էին բարձր գին, և դրա հետ մեկտեղ էլ նրանք չէին կարող աշխատանքները շտապ իրականացնել:
«Նրանք պահանջում էին 2,50 լարի 1 քառ/մ մակերեսը ախտահանելու համար, դա մեծ գումար է, և ղեկավարությունը հրաժարվեց: Դեղորայքը պատվիրվել է Վրացական ինժեներական ակադեմիա ՍՊԸ «Սամեցնիերո-Տեքնիկուրի ցենտր»-ից:
Կազմակերպություններն իրենք կիրականացնեն ախտահանման աշխատանքները, իսկ մենք կանցկացնենք հրահանգումը», – ասաց Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Ավետիք Տոնականյանը:
Ախալքալաքի մունիցիպալիտետում ախտահանվելու է 22 օբյեկտ՝ 1200-1500 քառ/մ ընդհանուր մակերեսով: Այն ներառում է քաղաքապետարանի շենքը, Սակրեբուլոն, մանկապարտեզները և մունիցիպալ այլ հիմնարկություններ:
«Բացի թանկ լինելուց, կազմակերպությունները շատ զբաղված են և ասացին, որ նրանք կարող են ախտահանել միայն ամսվա վերջին, իսկ մենք պետք է ամենն ավարտենք մինչև 16-ը, ուստի որոշեցինք դա անել ինքնուրույն և ժամանակ չկորցնել», – ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Մառանգոզյանը:
Մունիցիպալիտետի հանրային դպրոցներն ախտահանվելու են իրենց հաշվին և սեփական ջանքերով:
«Բոլոր դպրոցներն արդեն իսկ անցկացրել են ախտահանում իրենց ուժերով և ռեսուրսներով, բայց այժմ նրանք աշխատում են ընկերությունների հետ՝ իրավասու կազմակերպությունների հետ պայմանագիր կնքելու համար, որպեսզի ախտահանություն իրականացնեն կորոնավիրուսի կանխարգելման նպատակով », – ասում է Կրթական ռեսուրս-կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը: