Վրաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսի ևս մեկ դեպք: Այս նասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Ինչպես նշել է Գամկրելիձեն, վարակվածը Վրաստանի քաղաքացի է, ով երկիր էր մուտք գործել Իտալիայից:
Այս պահի դրությամբ, Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 4 դեպք: Այստեղից երկուսը ճամփորդել է Իրանում, երկուսը՝ Իտալիայում:
«Նա երկիր է վերադարձել առանց որևէ ախտանշանի, ավելի ուշ ջերմությունը բարձրացել է, և նա գնացել է վարակիչ հիվանդությունների հիվանդանոց», – հայտարարել է Ամիրան Գամկրելիձեն:
Հիշեցնենք, որ Վրաստանում COVID-19-ի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: Վարակը հայտնաբերել են Իրանից վերադարձած Վրաստանի 50-ամյա մի քաղաքացու մոտ: Փետրվարի 28-ին, Իտալիայից ժամանած Վրաստանի 31-ամյա քաղաքացու մոտ ևս հայտնաբերվել է կորոնավիրուս: Երրորդ դեպքը գրանցվել է փետրվարի 29-ին: Պարզվել է, որ վարակվել է Վրաստանի քաղաքացի, ով այցելել է Իրան: Բոլոր երեք հիվանդները ընդունվել են Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց: Նրանց վիճակը կայուն է: