Սիրիական պատերազմի սցենարը, դիմակայության ակունքներն ու պատճառները, արտաքին աջակցություն և այդ աջակցության պատճառները: Այդ ամենն ինչի կարող է հասցնել: Ներկայացնում ենք հարցազրույց Իլիայի անվան պետական համալսարանի Արևելյան հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գիորգի Սանիկիձեի հետ:
Պատերազմը Սիրիայում յուրահատուկ է, պատերազմող կողմերը բազմաթիվ են, բացատրեք խնդրեմ` ով, ում դեմ է պատերազմում Սիրիայում:
Ներքին հակամարտությունը Սիրիայում սկսվեց 2011 թվականից: Սկզբում գլխավոր հակամարտող ուժերն էին նախագահ Բաշար Ալ Ասադի կառավարական բանակը և աշխարհիկ շարժում «Սիրիայի ազատության բանակը», բայց հետզհետե պայքարին միացան ուրիշ ուժեր, առաջին հերթին` ,,Իրաքի ու Սիրիայի իսլամական պետությունը’’ (այսօր ավելի ճշգրիտ անունն է` ,,Իսլամական պետություն’’): Ահագին ուժեղ դիրքեր ունի այդպես կոչված ,,Ան Նուսրայի ճակատը’’, որը սկզբում համագործակցում էր ,,Իսլամական պետության’’ հետ, բայց այսօր ավելի սերտ հարաբերություն ունի ,,Ալ Քայդայի’’ հետ: ,,Ալ Քայդայի’’ կողմնակիցներն էլ ակտիվ մասնակցում են հակամարտությունում, բայց հանդես են գալիս ինչպես կառավարության, այնպես էլ ,,Իսլամական պետություն’’ դեմ: Կան նաև մի քանի իսլամական խմբավորումներ, որոնք չեն ենթարկվում ոչ ,,Ալ Քայդային’’, ոչ էլ ,,Իսլամական պետությանը’’: Առանձնակի դիրքում են կանգնած քրդերը, որոնց նպատակը անկախ Քրդական պետության ստեղծումն է:
Ո՞րոնք են այսպիսի բազմաշերտ հակամարտության պատճառները:
Սիրիան, կարելի է ասել ,,արհեստական պետություն է’’, որը ստեղծվել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի միջև համաձայնության արդյունքում: Երկրի բնակչության մեծ մասը` սունիթներ են: Սիրիայում ապրում են նաև բազմաթիվ կրոնական և էթնիկ փոքրամասնություններ` ալավիտներ, տարբեր ուղղությունների քրիստոնյաներ և ազգություններ` քրդեր, եզդիներ, դրուզներ, կովկասյան մուհաջիրների հետնորդներ և այլն: Այնպես որ հակամարտության պատճառները` այնպիսի պայթունավտանգ տարածաշրջանում, ինչպիսին Մերձավոր Արևելքն է. բավարար են: Այսպես կոչված ,,Արաբական գարունից’’ հետո, սիրիական ընդդիմությունը դուրս եկավ երկրում ժողովրդավարական վերափոխումների համար, բայց դիմակայությունը շուտով վերածվեց սունիթների իսլամական շարժման` տիրապետող փոքրամասնություն ալավիտների դեմ: Ալավիտները շիիթականության աղանդ է, նրանք կազմում են սիրիական բնակչության 12 տոկոսը: Ալավիտները 1971 թվականին զավթեցին իշխանությունը և մինչև այժմ վերահսկում են երկրի ուժային կառույցները: Վերջին հաշվով կարելի է ասել, որ հակամարտող կողմերը ունեն տարբեր նպատակներ այս հակամարտությունում. Ասադի ռեժիմի կողմնակիցները` ռեժիմի պահպանություն, արմատական իսլամական խմբավորումները` իսլամական կառավարմամբ պետության ստեղծում, որում կգերիշխեին սունիթները, ասեմ, որ այդ խմբավորումները ունեն տարբեր պատկերացումներ այսպես կոչված ,,իսլամական կառավարման’’ մասին, որոնք հակադրվում են միմյանց: Սեկուլյարիստները (առաջին հերթին ,,Սիրիայի ազատության բանակը’’), որոնք պահանջում են ռեժիմի փոփոխում և ժողովրդավար փոփոխություններ: Եվ քրդերը` ում նպատակը քրդական պետության ստեղծումն է:
Ո՞ւմ են աջակցում ազդեցիկ երկրները:
Արևմուտքը անվերապահորեն աջակցում է ,, Սիրիայի ազատության բանակին’’ (ինչպես ֆինանսով, այնպես էլ զենքով) և հանդես է գալիս ինչպես Ասադի ռեժիմի, այնպես էլ արմատական իսլամական խմբավորումների դեմ: Այդպիսի դիրքորոշում ունեն Իսրայելը և Սաուդյան Արաբիան, որոնք զգուշանում են, որ Ասադի ռեժիմի պահպանման դեպքում` կուժեղանան իրենց երդվյալ թշնամու` Իրանի դիրքերը: Թուրքիան էլ դուրս է գալիս Ասադի ռեժիմի, ինչպես նաև քրդական ապստամբների դեմ` վախենալով քրդերի ակտիվացումից իր տարածքում: Բաշար Ալ Ասադի կառավարման պահպանման կողմ են նրա ավանդական դաշնակիցները` Ռուսաստանն և Իրանը:
Ռուսաստանը արդեն պատերազմում է Ասադի կողմից, Ամերիկան տրամադրում է զենք և այլ որոշ ռազմական միջոցներ Սիրիա, կհասցնի դա արդյոք համաշխարհային պատերազմի:
Ես դեմ եմ այդպիսի տխուր կանխագուշակումների: Բայց այսօր կարել է ասել, որ կան ,,Սառը պատերազմի’’ բոլոր նախապայմանները Մերձավոր Արևելքում:
Ահաբեկչության դեմ պայքարից բացի, ինչպիսին է Ռուսաստանի հետաքրքրվածությունը նշված հարցում:
Այսօրվա դրությամբ գաղտնիք չէ, որ Ռուսաստանը հանդես է գալիս ոչ միան ահաբեկչական ,,Իսլամական պետության’’, այլ նաև Ասադի ռեժիմի դեմ պայքարող բոլոր ուժերի դեմ, այդ թվում նաև ,,Սիրիայի ազատության բանակի’’: Ռուսական ավիա հարվածների են ենթարկվում ոչ միայն ապստամբների դիրքերը, ինչպես նաև նրանց վերահսկողության տակ գտնվող բնակավայրերը, ինչը զոհերի է բերում խաղաղ բնակչության մեջ: Ռուսաստանի նպատակը` ցանկացած գնով իր դաշնակից Ասադի ռեժիմի պահպանումը և ռազմական ներկայությամբ Մերձավոր Արևելքում իր դիրքերի ամրապնդումն է: Պետք է նաև նշել, որ Մերձավոր Արևելքում ու Միջերկրական ծովում Ռուսաստանի միակ ռազմաբազան գտնվում է սիրիական քաղաք Տարտուսում: