Երեք երեխա է տուժել Ախալցիխե քաղաքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում:
Վթարը տեղի է ունեցել այսօր՝ ցերեկը: Իրար են բախվել երկու թեթև մարդատար ավտոմեքենա:
Ինչպես գրում է Sknews լրատվականը, ճանապարհատրանսպորտային պատահարից հետո Ախալցիխեի «Իմեդի» կլինիկա է տեղափոխվել 7 մարդ, որից երեքն անչափահաս են:
Հիվանդանոցում լրագրողներին հայտնել են, որ տուժածներից մեկի վիճակը կրիտիկական է, 8-ամյա աղջիկը ստացել է գանգուղեղային լուրջ վնասվածք: Այս պահին շտապօգնության մեքենայով նրան տեղափոխում են Թբիլիսիի Իաշվիլիի անվան մանկական կենտրոնացված հիվանդանոց:
Մնացած տուժածների, այդ թվում՝ երկու անչափահասի վիճակը գնահատվում է կայուն:
Վթարի պատճառը կպարզի հետաքննությունը: Գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 276 հոդվածով, ինչը ենթադրում է երթևեկության կանոնների խախտում:
Ներքին գործերի նախարարության տվյալներով, անցած տարի երկրում ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացել է 480 մարդ, որից 18-ը՝ երեխա: