Այսօր, Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել է ընդդիմության և քաղաքացիական ակտիվիստների կողմից կազմակերպված բողոքի ցույցը:
Ընդդիմության ներկայացուցիչները հավաքվել էին խորհրդարանի մուտքերի դիմաց և խորհրդարան մուտք գործող իշխող կուսակցության պատգամավորների համար «ամոթի միջանցք» կազմակերպել: Ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների և քաղաքացիական ակտիվիստների միակ պահանջը 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական կարգով անցկացումն է:
Մեծամասնության պատգամավորները ստիպված էին խորհրդարան մտնել անցելով ցուցարարների միջով: Իսկ ցուցարարները վանկարկում էին՝ «Ստրուկներ»:
Հատկանշական է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ավելի շուտ մեծամասնության նիստ է անցկացնում: Կուսակցության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեի խոսքով իշխող կուսակցությունը քննարկում է նախընտրական շրջանը, կազմակերպչական հարցեր՝ ընտրական համակարգի վերաբերյալ:
Նշենք, որ ավելի վաղ ընդդիմությունը հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանի մեկնարկին զուգահեռ բողոքի ակցիա կանցկացնի՝ «ամոթի միջանցք» կազմակերպելով:
Լուսանկարը Jnews-ի արխիվից