Հաստատվել է հանրային դպրոցների տնօրենների հավաստագրման քննության անցկացման ծրագիրը։ Դպրոցների տնօրենների պաշտոնի հավակնորդները կարող են գրանցվել մինչև փետրվարի 17-ը:
Տնօրենի պաշտոնի հավակնորդների հավաստագրման քննությունը բաղկացած է երեք մասից՝
1․ Առաջին մասն ընդգրկում է օրենսդրության իմացությունը, որը գնահատվում է առավելագույնը 20 բալ,
2․ Երկրորդ մասն ընդգրկում է մասնագիտական հմտությունների իմացությունը, որը գնահատվում է առավելագույնը 50 բալ,
3․ Երրորդ մասն ընդգրկում է ընդհանուր հմտությունների տիրապետումը, որը գնահատվում է առավելագույնը 30 բալ։
Թեստի առավելագույն միավորը կազմում է 100 բալ։
Ախալքալաքի մունիցիպալիտետի մի շարք՝ Սուլդա, Խուլգումո, Խանդո, Ալաթուման, Մերենիա, Իխտիլա, Մեծ Սամսար և այլ գյուղերի դպրոցներում նույնպես կան տնօրենի թափուր հաստիքներ։ Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավարի խոսքերով, տնօրենի պաշտոնի հավակնորդները քննությանը մասնակցելու համար պետք է գնան և գրանցվեն Կրթական ռեսուրս կենտրոնում:
Թեստավորումն անցկացվելու է էլեկտրոնային եղանակով: Տնօրենի պաշտոնի հավակնորդները հաջողությամբ կհանձնեն թեստը, եթե հավաքեն միավորների 60%-ը: Գնահատականը կհրապարակվի քննությունից անմիջապես հետո։ Թեստավորման նվազագույն շեմը հաղթահարելուց հետո, հավակնորդները հնարավորություն կունենան մասնակցել հարցազրույցի։
Դպրոցի տնօրենների քննության գրանցումն արդեն հայտարատված է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքում և կշարունակվի մինչև փետրվարի 17-ը ներառյալ։ Մասնակցության վճարը 35 լարի է։ Վճարումը հնարավոր է իրականացնել Լիբերթի բանկի յուրաքանչյուր մասնաճյուղում։
Իսկ քննության հանձնման ճշգրիտ ամսաթիվը, ժամանակը և քննության վայրը կհայտարարվի մինչև ամսվա վերջ: