Արդեն չորրորդ օրն է, ինչ Ազավրեթ գյուղում ծնողները չեն ուղարկում իրենց երեխաներին դպրոց, եւ ասում են, որ չեն ուղարկի, մինչեւ նրանց չխոստանան եւ չասեն նոր դպրոցի շենքի կառուցման կոնկրետ ժամկետը:
Արդեն որերորդ տարին է Ազավրեթ գյուղում աշակերտների ծնողները պահանջում են անվտանգ դպրոց:
Ազավրեթում դասերն անցկացվում են ծայրահեղ պայմաններում
Ազավրեթ գյուղի դպրոցի տանիքը փլուզվում է
Ազավրեթ գյուղի դպրոցը ընդլայնման կարիք ունի
Վերջերս, երբ Ազավրեթում իմացան, որ իրենց դպրոցը չի ներառվել մունիցիպալիտետի վերանորոգվելիք 24 դպրոցների ցանկում, նրանք որոշեցին «վտանգավոր» դպրոցի դեմ իրենց բողոքը արտահայտել երեխաներին չուղարկելով այնտեղ:
Գյուղի դպրոցը վթարային վիճակում է, տանիքը կախված է, պատերը նստած են ու աշակերտների վրա երբեմն առաստաղից ավազ է թափվում:
«Դասի ընթացքում առաստաղից ավազը թափվեց աշակերտի գլխին: Երեխան շատ վախեցավ, ծնողներն արդեն վախենում են եւ չեն թողնում նրանց դպրոց գալ: Ես երկու օր չէի կարողանում դպրոց մտցնել աշակերտուհի Գոհար Իրիցյանին: Երեխաների վախը ամենավատ բանն է: Մենք ամեն առավոտ գալիս ենք, բայց աշակերտներ չկան: Նրանք չեն ուզում դպրոց մտնել, այլեւս չի կարող այսպես շարունակվել: Մեկ դասաժամը տևում է 35 րոպե, մենք հազիվ ենք տեղավորվում ծրագրի մեջ: Ես ուզում եմ շաբաթը երկու անգամ հավելյալ զբաղվել աշակերտների հետ, բայց հնարավորություն չկա »,- ասում է մաթեմատիկայի ուսուցչուհի Անահիտ Թամամյանը:
Նիգյար Թամամյանը կարծում է, որ վերանորոգումը դպրոցում ոչինչ չի փոխի, գյուղը նոր դպրոցի կարիք ունի:
Ազավրեթ գյուղի դպրոցը կառուցվել է 1956 թվականին: 1988 թ. Հայաստանի երկրաշարժից հետո դպրոցի շենքն ավերվել էր: Դպրոցը 20 տարի դասերն անցկացրել է վագոններում: Այնուհետեւ կատարել են կոսմետիկ վերանորոգում և կրկին սկսել դասերն անցկացնել շենքում: Դպրոցն ունի մոտ 260 աշակերտ:
«Նրանք թեթեւակի վերանորոգում են անում եւ մտածում են, որ մեծ գործ են արել: Շենքը վթարային է, հեծաններն արդեն փտած են, բա որ հանկարծ առաստաղը փլվի երեխաների վրա, ով է պատասխան տալու», – ասում է Երջանիկը:
Թամամյան Սարգիսն ունի 4 թոռ:
«Ես թույլ չեմ տա, որ իմ թոռները դպրոց գնան, մենք շինարարներ ենք եւ լավ ենք հասկանում: Այնտեղ գտնվելը վտանգավոր է »,- ասում է Սարգիս Թամամյանը:
Այվազյան Խաչատուրն ունի 10 թոռ, եւ նրանք բոլորը դպրոցական տարիքի են, նրանցից և ոչ մեկը դպրոց չի գնում:
«Բա որ հանկարծակի առաստաղը փլվի նրանց գլխներին: Եթե նախարարը գա և ասի, որ պատասխանատվությունն իր վրա է վերցնում, վաղն ևեթ դասերը կվերսկսվեն: Մեր շուրջը հինգ գյուղ կա, եւ բոլորը միասին չունեն այնքան աշակերտ, որքան ունի մեր դպրոցը: Նրանք տիպական դպրոցներ ունեն, իսկ մենք ունենք 260 աշակերտ եւ դպրոց չունենք: Մարդիկ արդեն իրենց երեխաներին ուսում ստանալու համար Երեւան են ուղարկում: Մենք ապրում ենք 21-րդ դարում, Վրաստանը ցանկանում է մտնել Եվրամիություն, այսպիսի դպրոցներով է ուզում մտնել Եվրամիություն », – ասում է Խաչատուր Այվազյանը:
Ազավրեթի դպրոցում դասերն անցկացվում էին երեք հերթափոխով: Երրորդ հերթափոխի դասերն ավարտվում էին ժամը 7:30-ին: Դպրոցում չկա նաեւ մարզասրահ և զուգարան: Դասընթացները ոչ բոլոր դասարաններում էին անցկացվում: Դպրոցում տիրում է փնթիություն եւ հակասանիտարական վիճակ: Գրադարանում գրքերը գցված են հատակին, միջանցքներում աղբ է լցված: Դասասենյակները ջեռուցվում են վառարաններով:
Խաչատուր Այվազյանի խոսքերով, նրանց տունը դպրոցից երկու կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, եւ ամեն օր իր փոքրիկ թոռնիկը դասամիջոցներին վազում է իրենց տան զուգարանը:
Բնակիչներն ասում են, որ նրանք շարունակելու են դասադուլը, մինչեւ չստանան կոնկրետ խոստում, որ նոր դպրոց կկառուցվի:
Վերջին անգամ դպրոցը վերանորոգվել է 1999 թ.-ին՝ փոխվել են պատուհանները, դռները եւ տանիքը, սակայն տանիքի գերանները չեն փոխվել:
Դպրոցի տնօրեն Սլավիկ Եղիազարյանը, ով նախկինում ասում էր, որ նաեւ ընդունելի է վերանորոգումը, հիմա կտրական է, և ինչպես բնակիչները, պահանջում է նոր դպրոց:
«Մինչեւ մենք հստակ պատասխան չստանանք, թե երբ է սկսվելու շինարարությունը, չենք հանգստանա: Ես համաձայն չեմ վերանորոգմանը», – ասում է Սլավիկ Եղիազարյանը:
Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Կիրակոս Զաքարյանն ասում է, որ ա չգիտի, թե ինչով զբաղեցնի աշակերտներին ֆիզկուլտուրայի դասաժամին:
«Մենք սպասում ենք, որ բակը չորանա, որպեսզի բակ դուրս գանք, իսկ ձմռանը հոգնել ենք շախմատ եւ շաշկի խաղալուց, եւ նույնիսկ դրանք էլ բավարար չեն, ընդամենը 4 հատ են, իսկ դասարանում երեխաները 25-ն են: Երկուսը խաղում են, իսկ մնացածին չգիտես ինչով զբաղեցնես », – ասում է Կիրակոս Զաքարյանը:
Դպրոցի աշակերտները շրջում են գյուղով, նրանք զբաղմունք չունեն, բայց դպրոց էլ չեն ուզում գնալ, վախենում են այնտեղ մտնել:
Գյուղը դասադուլի օրերին բազմամարդ է, բոլորը գալիս են տեսնելու, թե ինչումն է խնդիրը: Սամցխե-Ջավախքում Վրաստանի Հանրային պաշտպանի ներկայացուցիչ Սալոմե Կուջանիշվիլին նույնպես հետաքրքրվեց, երբ իմացավ, որ դասերն այնտեղ չեն անցկացվում:
«Այն, որ ուսումը դադարեցված է դա երեխաների իրավունքների խախտում է, մեր մանդատից ելնելով մենք պետք է ուսումնասիրենք այս հարցը: Մենք հանդիպեցինք դպրոցի տնօրինությանը եւ գյուղացիների հետ, հասկանալու նրանց դիրքորոշումը, թե ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել, եւ մեր մանդատից ելնելով համապատասխան կառույցների հետ հաղորդակցման միջոցով, մենք անպայման կպարզենք այդ հարցը », – ասաց Հանրային պաշտպանի ներկայացուցիչը:
Իսկ մեր հարցին, թե արդյոք նա դպրոցում եղել եւ տեսել է այնտեղ տիրող վիճակը, նա պատասխանեց, որ դպրոցի շենքն իսկապես ամորտիզացված է եւ այնտեղ դասեր անցկացնելը վտանգ է պարունակում:
Շուշան Շիրինյան