Ախալքալաքում՝ Ռոնդելի Հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ «Ավելի շատ Եվրոպա Վրաստանում» ծրագրի շնորհանդեսը, որի նպատակն է բարձրացնել եվրաինտեգրման մակարդակը այն շրջաններում՝ Քվեմո-Քարթլիում և Ջավախքում, որտեղ բնակվում են Վրաստանի երկու խոշոր ազգային փոքրամասնությունները:

Նախագիծը մեկնարկել է 2019-ի դեկտեմբերին և կշարունակվի մինչև 2021 թվականը, ընդհանուր 18 ամիս: Ժան Մոնեի և «Էրազմուս+»-ի նախագիծը` Վրաստանի ազգային փոքրամասնությունների ինտեգրմանը եվրոպականացման գործընթացում, իրականացնում է Վրաստանի քաղաքագիտության ինստիտուտը (GIP):

Ծրագրի շրջանակներում կիրականացվեն մի շարք առաջադրանքներ. Դրանք են՝ ուսումնական մոդուլները, աշխատանքային խմբերի ստեղծումը, տեղական բնակչությանը իրազեկելու համար ենթադրամաշնորհների տրամադրումը, հետազոտություններ, կենտրոնական իշխանություններին առաջարկություններ և այլն:

Ծրագրի հիմնական առանձնահատկությունն, ըստ ծրագրի ղեկավար Սալոմե Կանդելակիի, այն է, որ նախագիծն իրականացվելու է տեղի բնակչության լիարժեք ներգրավմամբ: