Այսօր, հունվարի 29-ին Ախալքալաքի Սակրեբուլոյում ացնկացվեց ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նիստ: Նիստի օրակարգում 2020 թվականի բյուջեի փոփոխությունների փաթեթի քննարկումն էր:
«Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացվել 2020 թվականի բյուջեի փոփոխությունների փաթեթը: Մենք ուսումնասիրում էինք ներկայացված փաստաթուղթը: Հատկանշական է, որ կան և անցած տարվա աշխատանքներ, և այս տարվա իրականացվելիք աշխատանքների նախագծեր: Ներկայացվեց նաև «Աջակցություն գյուղին» ծրագրի գումարները, ինչպես նաև դպրոցների մասնակի վերանորոգման աշխատանքները: Շատ ուրախալի է, որ այդ աշխատանքները շարունակական բնույթ են կրում, որովհետև մեր դպրոցները ունեն խնդիրներ, որոնք աստիճանաբար պետք է լուծել»,- ասաց Ախալքալաքի Սակրեբուլոյի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Սեդա Մելքումյանը:
Ֆինասնաբյուջետային հանձնաժողովի անդամները երկու ժամ շարունակ քննարկում էին Ախալքալաքի գործադիր մարմնի ներկայացրած վեց էջանոց փաստաթուղթը: Լարված քննարկման ավարտին միաձայն քվեարկությամբ որոշում ընդունվեց 2020 թվականի բյուջեի փոփոխությունների փաթեթը ներկայացնել Բյուրոյի քննարկմանը:
Իսկ հունվարի 31-ին Ախալքալաքի օրենսդիր մարմինը սկզբում բյուրոյի, այնուհետև լիագումար նիստում կքննարկի Ախալքալաքի շրջանի 2020 թվականի բյուջեում փոփոխությունների փաթեթը: