Սամցխե-Ջավախքի Վրաստանի հանրային պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են հասարակական կազմակերպությունների և Ախալքալաքի զարգացման խմբի (LAG) անդամների հետ: Հանդիպումը կրում էր տեղեկատվական բնույթ, սակայն քննարկվեցին նաև Ջավախքի բնակչությանը հուզող հարցերը:
Հանդիպումը կայացավ «ENPARD2»-ի գրասենյակում, և սա Հանրային պաշտպանի 2020 թ-ի ծրագրված հանդիպումներից առաջինն էր: Հասարակական կազմակերպությունների և Ախալքալաքի զարգացման խմբի (LAG) անդամների հետ հանդիպելու էին եկել Սալոմե Կուլջանիշվիլին և Անդրանիկ Բաղդասարյանը:
«Մենք ունենք հանդիպումների պլան, նախատեսում ենք համագործակցություն տարբեր հաստատությունների, լրագրողների, հասարակության ակտիվ անդամների հետ: Քանի որ (LAG)-ի անդամները տարբեր կառույցների ներկայացուցիչներ են, և ներկայացնում են տարբեր բնագավառներ, մենք նախատեսել ենք այստեղ հանդիպում», – ասել է Սամցխե-Ջավախքի Վրաստանի Հանրային պաշտպանի ներկայացուցիչ Սալոմե Կուլջանիշվիլին:
Դրանից հետո մասնակիցները հարցեր տվեցին: Քաղաքացիական ոլորտը հետաքրքրվեց, թե Ախալքալաքում և Նինոծմինդայում Հանրային պաշտպանը քանի մարդու է օգնել, ինչին Սալոմե Կուլջանիշվիլին պատասխանեց, որ այդ տեղեկատվությունը հրապարակվում է Վրաստանի Հանրային պաշտպանի տարեկան զեկույցում, որը հրապարակվում է ամեն տարի մարտ ամսին: Նրա խոսքերով, Սամցխե-Ջավախքի գրասենյակը տարվա ընթացքում քաղաքացիներից ստացել է մոտ 200 դիմում, բայց քանիսին են օգնել, կոնկրետ տվյալներ չկան:
Հարց է բարձրացվել Ախալքալաքի Արդարադատության տանը տիրող իրավիճակի վերաբերյալ: Բնակչությունը դժգոհում է, որ Արդարադատության տան աշխատակիցները պահանջում են, որ քաղաքացիները խոսեն վրացերեն, ինչը շատերը չեն կարողանում և կոնֆլիկտներ են առաջանում:
Ինչին Սալոմե Կուլջանիշվիլին պատասխանեց, որ բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն օգտվել հանրային ծառայություններից, ինչպես նաև, որ պետհաստատություններում գործավարույթն իրականացվում է պետական լեզվով, բայց «իհարկե, լավ կլիներ, եթե քաղաքացին խորհրդատվություն ստանար իրեն հասկանալի լեզվով»:
Նրա խոսքերով, իրենք կոնկրետ բողոքներ այդ մասին չեն ստացել:
«Մենք կքննարկենք այս հարցը մեր ղեկավարության հետ և կտեսնենք, թե ինչ կարող ենք անել տեղական բնակչությանը օգնելու համար: Հնարավոր է, որ Հանրային պաշտպանը դիմի Արդարադատության նախարարությանը, որպեսզի ազգային փոքրամասնություններով կոմպակտ բնակեցված շրջաններում գոնե խորհրդակցություններն անցկացվեն այն լեզվով, որը հասանելի է բնակչությանը », – ասել է Սալոմե Կուլջանիշվիլին:
Բարձրացվել է նաև սոցիալական գործակալության համակարգում առկա խնդիրների, սոցիալական ծառայության գործակալի գրված բալերի միջոցով սոցիալական օգնություն ստանալու խնդրի մասին: Հավաքվածները նշեցին, որ այս համակարգում կան շատ անարդար որոշումներ և ՄԻՊ-ին խնդրեցին վերահսկել այս համակարգը:
Սալոմե Կուլջանիշվիլին ասաց, որ այս խնդրով շատ են դիմում, նրանք էլ իրենց հերթին դիմում են սոցիալական ծառայությանը, բայց նրանց պատասխան գալիս է, որ քաղաքացիները բարձր միավորներ ունեն և չեն համապատասխանում:
«Ամեն տարի, այս խնդի մասին ՄԻՊ-ը հանձնարարականներ է տալիս Առողջապահության նախարարությանը, այս մեթոդը փոխելու և միավորները այլ կերպ հաշվարկելու համար, բայց մինչ այժմ, անհասկանալի պատճառներով, այդ հանձնարարականները հաշվի չեն առնվում: Եթե այդ հարցերի վերաբերյալ դիմումներ լինեն, մենք կրկին պատրաստ ենք դրանք ընդունել և զբաղվել դրանցով», – պատասխանեց նա:
Շուշան Շիրինյան