Այսօրվա դրությամբ Վրաստանի դպրոցներում կրթական գործընթացը դադարեցնելու նախադրյալներ չկան: Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի գիտական ղեկավար Պաատա Իմնաձեն:
Վերջերս Վրաստանում հաճախակի են դարձել գրիպի վիրուսի դեպքերը: Որոշ ծնողների համար դա խուճապ է առաջացրել, չէ որ Վրաստանի դպրոցներում և մանկապարտեզներում հունվարի 15-ին կրթական պրոցեսը պետք է վերսկսվի:
«Բարեբախտաբար, B տիպի վիրուսն այժմ գերակշռող վիրուսն է համարվում, և համաճարակաբանական գործընթացը ավելի հանգիստ է ընթանում: Ելնելով դրանից՝ հիմք չկա այս փուլում դադարեցնել ուսումնական պրոցեսը», – ուրբաթ օրը լրագրողներին հայտարարել է Իմնաձեն:
Գրիպի վիրուսի դեպքերի մասին նոր տեղեկություններ կհրապարակվեն հունվարի 13-ին: Հունվարի առաջին շաբաթվա ընթացքում գրանցվել է 191 դեպք, ինչը գրեթե 40%-ով պակաս է դեկտեմբերի վերջին շաբաթվա տվյալներից: Այդ ժամանակ հարյուր հազար մարդու հաշվարկով արձանագրվել է գրիպի վիրուսի 312 դեպք:
Մասնագետների պնդմամբ, Վրաստանը դեռ հեռու է համաճարակից: Կրիտիկական ցուցանիշ է համարվում այն, երբ հարյուր հազար բնակչի հաշվով կոնկրետ վիրուսով վարակվում է 450-500 մարդ:
Այս սեզնին գերակշռում է գրիպի «B» տիպի վիրուսը, որը համեմատաբար մեղմ ընթացք ունի: Դրանից ելնելով՝ հոսպիտալացման մակարդակը շատ ավելի ցածր է, քան անցած տարի էր:
Նյութը՝ «Новости Грузия»-ից