Հունվարի 26-ին Ներսիսյան հոգևոր դպրոցի 200-ամյա հոբելյանի կապակցությամբ Թբիլիսիի Կովկաս համալսարանում տեղի է ունեցել «Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոց 200» ցուցահանդեսի բացման արարողությունը, որը կազմակերպել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Թբիլիսիի Կովկաս համալսարանի կողմից։
Ցուցահանդեսին ներկայացված էին ավելի քան 200 արխիվային փաստաթղթեր և լուսանկարներ, որոնք պահվում են Հայաստանի և Վրաստանի ազգային արխիվներում և Ազգային գրադարաններում, Հայաստանի Եղիշե Չարենցի անվան արվեստի և գրականության, Պատմության, Սարդարապատի, Մատենադարանի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում:
Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին, բարձրաստիճան հյուրեր Հայաստանից և Վրաստանից, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։
Միջոցառման հյուրերին ուղղված ողջույնի խոսքով հանդես են եկել Կովկաս համալսարանի նախագահ Կախա Շենգելիան և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Կովկաս համալսարանի ղեկավարությանը՝ ցուցահանդեսի կազմակերպման հնարավորության համար, և մաղթել, որ համալսարանը, ինչպես և ժամանակին եղել է Ներսիսյան դպրոցը, այս ներսիսյանական ոգով շարունակի լինել մարդկանց և մասնագետների դարբնոց, որոնք իրենց հետքը կթողնեն մարդկային քաղաքակրթության զարգացման գործում։
Ելույթներից հետո ցուցահանդեսի հեղինակ, վիրահայ հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը միջոցառման հյուրերին է ներկայացրել ցուցադրվող լուսանկարների պատմությունը։
Միջոցառման ավարտին համալսարանի գլխավոր մուտքի առջև տեղի է ունեցել Կովկաս համալսարանի շենքի պատմությունը ներկայացնող հուշատախտակի բացման արարողությունը։