Այս տարի ծնելիությունն Ախալքալաքում նվազել է, ինչն ըստ բժիշկների կապված է հասարակության սոցիալ-առողջական վիճակից։

Եթե 2017 թվականի ամբողջ տարվա ընթացքում ծնվել է 435 երեխա, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 19-ը՝ 420 երեխա, ապա 2019 թվականին հունվարի 1-ից դեկտեմբերի 26-ի տվյալներով Ախալքալաքում ծնվել է 404 երեխա։

Թվերը ցույց են տալիս, որ ծնելիությունը նվազել է, և դա հաստատում է նաև բժիշկ գինեկոլոգ Ասյա Գուլիևան։

«Այս տարվա տվյալները մեզ անհանգստացնում են, եթե համեմատենք այս և մյուս տարվա վիճակագրությունը, ապա մոտավոր 50-ի չափ պակաս հղիներ ունենք, որը փոքր թիվ չէ, իսկ ծնունդները պակաս են 30-ով։ Մինչև դեկտեմբերի 26-ի դրությամբ մենք գրանցել ենք 633 հղի և ունեցել ենք 404 ծննդաբերություն», – ասում է բժշկուհին։

Ինչպես բոլոր տարիներին այս տարի նույնպես տղա երեխաներ ավելի շատ են ծնվել, քան աղջիկներ։ 404 ծնունդից՝ 224 տղա են, իսկ 180-ը՝ աղջիկ։

Vichakagrutyun

Ըստ բժշկուհի Զոյա Ռաիսյանի դա բնության օրենքն է։ «Տղա երեխաները միշտ ավելի շատ են ծնվում, քան աղջիկները, դա բնության օրենքն է։ Սակայն հետո տղաները ավելի քիչ են մնում, քան աղջիկները, քանի որ տղաներն ավելի շատ են զոհվում, օրինակ՝ ավտովթարներից»,- հավելում է բժշկուհին։

Այս տարվա ընթացքում հղիության արհեստական ընդհատման և վիժման 174 դեպք է գրանցվել։ Համեմատելով անցած երկու տարիների վիճակագրության հետ, տեսնում ենք, որ թիվը շատացել է։ 2017 թվականին՝ 152 վիժում և արհեստական ընդհատում, իսկ 2018 թվականին՝ 137։

Ըստ բժշկուհի Ասյայի՝ այս թիվը համեմատելով 404 ծննդի հետ, շատ չէ։ Հղիության արհեստական ընդհատումների և վիժումների 80%-ը ինքնուրույն է կատարվում, քանի որ լինում են դեպքեր, երբ երեխաները մոր արգանդում արդեն մորից անջատված են լինում։

«174 վիժումից 80-ն ինքնություն է եղել, իսկ մյուսները առողջական և սոցիալական խնդիրների պատճառով է կատարվել, որոնց էլ անհրաժեշտ է եղել բժշկական միջամտություն»,- ընդգծում է բժշկուհին։

Ինչպես 2018 թվականին, այս տարի նույնպես կեսարյան հատման միջոցով 21 ծնունդ է եղել, որն ընդհանուր ծնունդների 5% տոկոսն է կազմում։ Ախալքալաքի հոսպիտալում երեխաների մահացության 4 դեպք է գրանցվել, երբ երեխաները մահացած են ծնվել, իսկ 2018 թվականին գրանցվել է 1 դեպք։

Ինչ վերաբերում է արհեստական բեղմնավորմանը (էկո) այս տարի գրանցվել է 3 դեպք, անցած տարի չի եղել, իսկ 2017 թվականին արհեստական հղիությունների թիվը կազմել է 8-ը։

Գայանե Ակոջյան