Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի և Սակրեբուլոյի աշխատակիցների բժշկական ապահովագրությունը, որը 2022 թվականին նախատեսվում էր ֆինանսավորել մունիցիպալիտետի բյուջեից, չեղարկվել է միջոցների սղության պատճառով։ Բժշկական ապահովագրության համար նախատեսվում էր հատկացնել 100 հազար լարի, որն ուղղորդվեց ենթակառուցվածքային աշխատանքների իրականացման համար։
Քաղաքապետարանի և Սակրեբուլոյի աշխատակիցները կունենան բժշկական ապահովագրություն
2022 թվականի բյուջեի քննարկման ժամանակ Սակրեբուլոյի պատգամավորներն չէին առաջարկել չեղարկել քաղաքապետարանի և Սակրեբուլոյի աշխատակիցների բժշկական ապահովագրության ծախսերի կետը։ Ժողովի եւ հանձնաժողովների նիստերում այս հարցը չէր քննարկվել։ Աշխատակիցների առողջության ապահովագրությունը մունիցիպալիտետի համար նորություն էր, սակայն քաղաքապետարանը, բյուջեում միջոցների սղության պատճառով այս կետը հանեց։
«Մենք դա ընդունել ենք, համաձայնել ենք, այս կետում փոփոխություններ չենք պահանջել, քաղաքապետարանը, բյուջեի սղության պատճառով, նպատակահարմար է համարել հանել այս կետը»,- ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը։
Ախալքալաքի 2022 թվականի բյուջեն հաստատվել է առանց այս կետի։
«Մենք գումարն ուղղորդել ենք այլ ենթակառուցվածքային աշխատանքների համար, քանի որ այդպես նպատակահարմար համարեցինք: Ապահովագրական ընկերությունների փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո մենք մտածեցինք, որ այս ապահովագրությունից այդքան օգուտ չկա, հնարավոր է գումարը ծախսվեր, իսկ ապահովագրությունը չօգտագործվեր»,- ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ֆինանսական ծառայության պետ Կարեն Մերգելյանը։