Ախալքալաքում փոսային նորոգումն արդեն ավարտված է, բայց Ազատության փողոցի վերջնամասում, քաղաքի որոշ մասերում դեռևս մնում են մեծ և խորը փոսեր: Արդյո՞ք դրանք պետք է մնային քաղաքում, պարզվում է հարցը չափազանց բարդ է, բայց մենք փորձեցինք պարզել:
Քաղաքապետարանում տարբեր կերպ են մեկնաբանում, արդյոք Ազատություն փողոցի վերջնական հատվածի փոսերը պետք է «կարկատվեին», թե՝ ոչ:
Էկոնոմիկայի և ենթակառուցվածքների բաժնի մասնագետ Ռազմիկ Նահատակյանի խոսքով՝ Ազատություն փողոցի վերջնամասը հիմնանորոգման կարիք ունի և ենթակա չէ փոսային նորոգման: Ինչպես վստահեցնում է վերջինս, գրեթե 150 մետր, մոտ 600 ք/մ պետք է հիմնովին նորոգվի:
«Ճանապարհի այս հատվածը հիմնովին կվերանորոգվի 2020 թվականին», – ասում է Ռազմիկ Նահատակյանը:
Սակայն քաղաքապետարանի մեկ այլ ծառայությունում այլ կերպ են նայում այս հարցին:
Ըստ Ախալքալաքի քաղաքապետարանի ֆինանսական ծառայության պետ Մկրտիչ Մղդեսյանի, ընկերությունը պետք է այդ փոսերը նորոգեր դեռևս 2018 թ.-ին։
2019 թվականին, Ախալքալաքում փոսային նորոգման տենդերը հայտարարվել էր բավականին ուշ, քաղաքապետարանը և կապալառուն ոչ մի կերպ համաձայնության չէին գալիս անցած տարվա վերանորոգման հարցի շուրջ, սակայն, ի վերջո, 2019թ.-ի մայիսին նրանք պայմանավորվեցին, և ընկերությունը կատարեց անցած տարվա չկատարած աշխատանքը:
Ախալքալաքում անցած տարի փոսային նորոգման տենդերը երկու անգամ էր հայտարարվել, և երկու անգամն էլ շահել էր «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը:
Քաղաքապետարանի ֆինանսական ծառայության պետ Մկրտիչ Մղդեսյանն ասում է, որ 2019 թվականի սկզբին նա գումարը չի փոխանցել, քանի որ չի տեսել կատարված աշխատանքների արդյունքները:
Ինչպես հավաստիացնում է Մկրտիչ Մղդեսյանը, քաղաքապետարանն արդեն վճարել է ամբողջ գումարը, բայց աշխատանքները մինչև վերջ չեն կատարվել: Վերջինիս խոսքով՝ ընկերությունը պարտավոր էր վերանորոգել Բավրա գյուղից մինչև Ախալքալաք առկա բոլոր փոսերը:
Ըստ «Ջավախ Ավտո Գզա» ընկերության տնօրեն Ջաբա Ձիրկվաձեի, նրանք արդեն ավարտել են փոսային նորոգման աշխատանքները։
Հարցին, թե Ազատություն փողոցի վերջնամասում դեռ կա՞ն փոսեր, նա ասաց. «Չգիտեմ, մենք արդեն կատարել ենք մեր աշխատանքը: Մնացած հարցերով դիմեք քաղաքապետարան»:
Իսկ մունիցիպալիտետի քաղաքապետարանում, ինչպես երևում է, կողմնորոշված չեն, թե արդյո՞ք Ազատություն փողոցի վերջնամասի փոսերը պետք է հարթվեին, թե ոչ:
Բրատիսլավ Իգիթխանյան