Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նամակով դիմել է Ախալքալաքի մունիցիպալիտետին, որպեսզի Ախալքալաքի շրջանային ընտրական հանձնաժողովի շենքում, լրացուցիչ 67.5 քառ/մ մակերեսով տարածք հատկացվի հանձնաժողովին:
Դեկտեմբերի 13-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում տեղի է ունեցել Բնական պաշարների, գյուղատնտեսական հիմնահարցերի և մունիցիպալ գույքի կառավարման հանձնաժողովի նիստը:
Օրակարգում եղել է մեկ հարց՝ Ախալքալաքի Շրջանային ընտրատարածքին լրացուցիչ տարածքի հատկացումը:
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի գույքի և պլանավորման բաժնի մասնագետ Վահան Բաթոյանը քննարկման համար այս հարցը ներկայացրել էր հանձնաժողովի պատգամավորներին:
Ըստ Վահան Բաթոյանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նամակով դիմել է մունիցիպալիտետին:
«Ամբողջ շենքը մունիցիպալիտետի սեփականությունն է, ԿԸՀ-ն մեզ նամակով դիմել է ՇԸՀ-ի աշխատանքը բարելավելու համար լրացուցիչ 67.5 ք / մ տարածք տրամադրելու խնդրանքով: Մենք նախատեսել ենք առաջին հարկը հատկացնել ՇԸՀ- ին», – ասել է Վահան Բաթոյանը:
Կոմիտեն հաստատել է առաջարկը և հարցն ուղարկել բյուրոի քննարկման: