ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառվել է Հայաստանի կողմից ներկայացված «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտը:
Այդ մասին միաձայն որոշում է կայացվել դեկտեմբերի 11-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 14-րդ նիստում:
Մինչ այդ, Հայաստանի ներկայացրած հայտը փորձագիտական քննություն էր անցել և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գնահատման մարմնի փորձագետների կողմից դրական գնահատականի արժանացել։
ՅՈՒՆԵՍԿՕ-ից հայտնում են, որ «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտն իր մեջ ներառում է հայկական տառարվեստի բազմադարյա արվեստը, նաև դեկորատիվ գեղանկարչության մեջ տառերի բազմապիսի կիրառումների հարուստ մշակույթը: Ժառանգության այդ տարրն ունի նաև դեկորատիվ խորհրդանշանների լայն տեսականի, որոնք բնութագրվում են տարբեր ձևերով՝ թռչուններ, կենդանիներ կամ առասպելական էակներ, հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Տեղեկատվության արխիվացման և փոխանցման հիմնական գործառույթից բացի, հայերեն գիրը ներթափանցում է հասարակության գրեթե բոլոր ոլորտները, ներառյալ ժողովրդական արհեստները: Կրթական հաստատությունները բոլոր մակարդակներում, երիտասարդական կենտրոնները և Հայ առաքելական եկեղեցին կարևոր դեր են խաղում կենդանի ժառանգության այս տարրի փոխանցման գործում:
Նստաշրջանի օրակարգի կարևորագույն հարցերից էին տարբեր երկրների կողմից գրանցման ներկայացված հայտերի քննարկումները: Ներկայացվել էր 54 հայտ, որից 6-ը անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության, 42-ը` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկերում ընդգրկելու, 3-ը՝ պաշտպանության լավագույն փորձի գրանցամատյանի առաջարկներ և 3 հայտ` ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնադրամի կողմից անդամ պետություններին տրամադրվող միջազգային աջակցություն ստանալու նպատակով:
Միջկառավարական կոմիտեի 14-րդ կայացված որոշմամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառվել է 1, իսկ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում՝ 9 տարր:
Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացրել է 2006 թ. և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում արդեն գրանցել է «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008 թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010 թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012 թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014 թ.), «Քոչարի. ավանդական խմբապար»(2017 թ.) տարրերը:
Աղբյուրը` Panarmenian.net