Իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները պատրաստակամություն են հայտնել որոշ զիջումների գնալ ընտրական օրենսդրության բարեփոխման վերաբերյալ և մտածել բազմամանդատ ընտրատարածքների ձևավորման մասին: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ և արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին՝ ընդդիմության առաջնորդների և դիվանագետների հետ հանդիպումից հետո:
Երկրում սկսված բողոքի ցույցերի ֆոնին, քանի որ «Վրացական երազանքը» չկարողացավ կատարել իր խոստումը` 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին անցում կատարել համամասնական համակարգին, Վրաստանի հանգուցային գործընկերները` ԱՄՆ-ն և Եվրամիությունը` ներկայացան որպես միջնորդ քաղաքական ընդդիմախոսների միջև:
Դիվանագիտական կորպուսը բանակցությունների սեղանի շուրջ հավաքեց ընդդիմության առաջնորդներին և «Վրացական երազանքի» անդամներին՝ ընտրական օրենսդրության բարեփոխման այլ տարբերակները քննարկելու համար:
Այսօրվա հանդիպումը երկրորդն էր, այն տևեց մոտ հինգ ժամ:
Ըստ Ծուլուկիանիի, բանակցությունների ընթացքում իշխող թիմի անդամները կրկին հայտարարեցին, որ ընտրական համակարգի փոփոխությունների նախագիծը, որը պատրաստել են մինչ 30 ընդդիմադիր կուսակցություններ, չի համապատասխանում սահմանադրությանը:
Փոխվարչապետը գտնում է, որ, ըստ էության, նախագիծը, որը հիմնված է «գերմանական մոդելի» վրա, ներկայացնում է «բազմակուսակցական մեծամասնական համակարգ»:
Որպեսզի ապացուցեր, որ «գերմանական մոդելը» չի համապատասխանում սահմանադրությանը, մի քանի օր առաջ ընդդիմությունը նախաձեռնություն գրանցեց խորհրդարանում: Այնուհետև փաստաթուղթը գնահատման ուղարկվեց ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ (ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ):
«Բավականին երկար բանակցություններ տեղի ունեցան, և շատ ժամանակ պահանջվեց միջնորդներին ևս մեկ անգամ որպես մեդիատոր ներգրավելու առթիվ ևս մեկ անգամ երկրորդ կողմին բացատրել, որ «գերմանական մոդելը» մեզ համար անընդունելի է, ներառյալ այս մոդելը և խորհրդարանում գրանցված գերմանական համակարգի մոդելի վարիացիան: Այն հակասահմանադրական է…
Համապատասխանաբար, դա շատ ժամանակ խլեց, քանի որ մենք ևս մեկ անգամ բացատրեցինք նրանց, որ դա անընդունելի է», – ասաց Ծուլուկիանին:
Ընդդիմության մոդելի կողմից առաջարկված հիմնական կետերից մեկը բազմամանդատ ընտրատարածքների ձևավորումն է:
Ըստ Ծուլուկիանիի, միջազգային գործընկերներն առաջարկել են ընտրական բարեփոխումների իրենց սեփական տարբերակը, ինչը սահմանադրական փոփոխություններ չի պահանջում: Նրանք կողմերին առաջարկում են քննարկել մի համակարգ, որի դեպքում պատգամավորների կեսը կընտրվի մեծամասնական համակարգով (միամանդատ ընտրաշրջաններում), իսկ մյուս կեսը՝ բազմամանդատ ընտրատարածքներում:
«Մենք քննարկեցինք այս առաջարկը, որը բանավոր արտահայտեց մեր միջազգային գործընկերներից մեկը: Մենք պետք է իսկապես նայենք մանրուքներին, և ընդդիմությունը նույն բանը հայտարարեց, իհարկե, հարկավոր կլինեն ներքին քննարկումներ, խորհրդակցություններ և համաձայնություն առ այն, թե արդյոք այս մոդելը դուր է գալիս և ձեռնտու է նրանց քաղաքականապես: Սրանք էին այսօրվա հանդիպման հիմնական շեշտադրումները: Կարծում եմ, որ ևս մեկ հանդիպում կկայանա, որպեսզի քննարկվի այսօր բարձրացված հարցը», – ասաց Ծուլուկիանին:
Իր հերթին, Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալկվաձեն ասել է, որ բանակցությունների հաջորդ փուլում նրանց հանդիպման թեման կլինի տեխնիկական մանրամասները՝ «Սահմանադրական մոդելի շրջանակներում մեծամասնական հատվածը»:
«Քննարկման հաջորդ թեման կլինի գործող սահմանադրական մոդելի շրջանակներում մեծամասնական մասի քննարկումը, թե ինչ կարող ենք անել այդ հարցով, որպեսզի մեծամասնական ընտրատարածքներում ընտրությունները լինեն ժողովրդավարական, թափանցիկ և արդար: Մենք կպատրաստվենք և բանակցությունների հաջորդ փուլին կներկայացնենք փաստարկներ: Սա նշանակում է, որ բանակցությունների թեման փոխվում է, և հաջորդ փուլին կքննարկենք գոյություն ունեցող, խառը ընտրական համակարգի շրջանակներում մեծամասնական մասում հնարավոր փոփոխությունները, որի շուրջ մենք արդեն սկսել ենք աշխատել ԵԱՀԿ-ի հանձնարարականների շրջանակներում»,- ասել է Արչիլ Թալակվաձեն:
Ընդհանուր առմամբ, խորհրդարանի խոսնակի գնահատմամբ, «գործընթացը վերադառնում է նորմալ քաղաքական հունի մեջ», իսկ կողմերը սկսում են քննարկել «իրական հարցեր, որոնց շուրջ հնարավոր է պայմանավորվածություն ձեռք բերել»:
«Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Գիգա Բոկերիան բանակցությունների արդյունքներից հետո հաստատեց, որ «Վրացական երազանքի» անդամները իսկապես պատրաստ են քննարկել իրենց նախաձեռնության որոշակի բաղադրիչները: Ընդդիմադիր գործիչը կարծում է, որ դա Վրաստանի արտասահմանյան գործընկերների բացարձակ նվաճումն է:
Հարկ է նշել, որ այսօր Եվրախորհրդարանի անդամների պատվիրակությունը ժամանել է Թբիլիսի՝ մասնակցելու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստին: Նրանցից շատերը բավականին կոշտ հայտարարություններ են կատարել իշխող կուսակցության հասցեին` ստեղծված ճգնաժամի պատասխանատվությունն ուղղելով «Վրացական երազանքին»:
«Իհարկե, գերմանական մոդելի բաղադրիչը մեր առաջարկի հանգուցային մասն է: Մեր արտասահմանյան գործընկերների առաջարկությամբ մենք սկսեցինք անցնել բաղադրիչ առ բաղադրիչ: Օրինակ, այժմ մենք ակնկալում ենք, իշխող կուսակցության դիրքորոշումը բազմամանդատ ընտրատարածքներով: Սա մեր միջազգային գործընկերների նվաճումն է, որ իշխանության ներկայացուցիչները, ովքեր ասում էին, որ ընդհանրապես չեն նստի և որևէ բան չեն քննարկի, այժմ քննարկում են մեր առաջարկի բազմամանդատ մասը»,- հայտարարել է Բոկերիան:
Պատգամավորը նշեց, որ իրենք չեն պատրաստվում դադարեցնել փողոցներում ցույցերը, մինչև չբավարարվի նրանց արդար ընտրություններ անցկացնելու պահանջը:
«Մինչև արդյունքներ չլինեն, իհարկե, ցույցերը կշարունակվեն` խաղաղ, բայց շատ կտրուկ… Միևնույն ժամանակ, ես պետք է շնորհակալություն հայտնեմ բոլոր Վրաստանի ընկերներին, քանի որ հասարակական ճնշման հետ միասին, որը որոշիչ է հանդիսանում, նրանց ուղերձները շատ կարևոր են: Այդ իսկ պատճառով, անցյալ հանդուգն հայտարարություններից հետո, Իվանիշվիլիի թիմը նստեց բանակցությունների սեղանի շուրջ և այժմ քննարկում է մեր առաջարկի բաղադրիչը», – ասաց նա:
Բոկերիան ավելացրեց, որ քաղբանտարկյալների հարցը նրանց հանդիպման ընթացքում նույնքան կարևոր թեմա էր: Ընդդիմությունը կարծում է, որ քաղաքական պատճառներով իշխանությունները ձերբակալել են 80 մարդու վերջին վեց ամիսների ընթացքում: Նրանցից ոմանց դեմ քրեական գործերը սկսվել են Գավրիլովի գիշերը` հունիսի 20-21-ը, մյուսները ձերբակալվել են վերջին հանրահավաքների և ցույցերի ընթացքում և դատապարտվել վարչական կալանքի:
«Գերմանական մոդելի» էությունը
Ընդդիմության առաջարկած տարբերակը ներառում է փոփոխություններ Վրաստանի Ընտրական օրենսգրքում: Հեղինակներն առաջարկում են ուժի մեջ թողնել խառը ընտրական համակարգը, բայց փոխել խորհրդարանում տեղերի բաշխման սկզբունքը:
Համաձայն Սահմանադրության ներկայիս խմբագրության՝ 2020 թվականին 77 պատգամավորական մանդատները կբաշխվեն կուսակցությունների միջև, իսկ 73-ը` հատուկ թեկնածուների միջև, որոնք իրենց միակուսակցական ընտրատարածքներում կհավաքեն ձայների ավելի քան կեսից ավելին:
Ընդդիմությունն էլ առաջարկում է 73 մեծամասնական պատգամավորներին ընտրել բազմակուսակցական ընտրատարծաքներում՝ միամանդատների փոխարեն: Սրա հետ մեկտեղ, յուրաքանչյուր ընտրատարածքում ընտրողները կընտրեն մեկ թեկնածու, բայց ընտրատարածքից խորհրարան կմտնեն մի քանի թեկնածուներ, որոնք ցույց են տվել լավագույն արդյունքները: Նրանց թիվը կախված կլինի ընտրատարածքի չափից՝ 6-ից 8 հոգի: