Աշխարհաքաղաքականությունը թելադրում է իր կանոնները, փոքր երկրները ստիպված են փնտրել «պաշտպանություն» ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումներով, և, արդյունքում՝ այդ երկրներից սերտ կախվածությունը փոքր պետությունների կյանք է բերում իր կանոններն ու խնդիրները: «Ռոնդելի» հիմնադրամի փորձագետները օգնեցին հասկանալ Վրաստանի տնտեսական և քաղաքական կախվածությունն այլ երկրներից:
Քաղաքական կախվածությունը
Վրաստանը դարեր շարունակ գոյություն է ունեցել և փորձել է գոյատևել այնպիսի խոշոր կայսրությունների ճանապարհին, ինչպիսիք են Իրանը, Հռոմը, Բյուզանդիան, Արաբական խալիֆայությունը, Սելջուկյան սուլթանությունը և Օսմանյան կայսրությունը: Վերջին երկու դարերի ընթացքում երկրի համար գլխավոր խնդիրը հարաբերություններն են Ռուսաստանի հետ` կայսերական, սովետական և ներկայիս:
«19-րդ դարի սկզբից, երբ Ռուսաստանը սկսեց ընդլայնել իր վերահսկողությունը Կովկասի նկատմամբ, պարզ դարձավ, որ այն չէր պատրաստվում դառնալ դաշնակից, կամ գոնե Վրաստանի և տարածաշրջանի մյուս ժողովուրդների հովանավորը: Այն վերացրեց պետականության բոլոր ձևերը և նույնիսկ ջնջեց երկրի անունն աշխարհի քարտեզից, այնպես որ Վրաստանը դարձավ Թիֆլիսյան և Քութայիսյան նահանգներ: Առաջին աշխարհամարտում ձախողումից հետո կայսրությունը փլուզվեց, իսկ իշխանությունը հայտնվեց բոլշևիկների ձեռքում: Նրանք տեսականորեն դավանում էին բոլորովին հակառակ գաղափարախոսություն, բայց պարզվեց, որ նրանց վերաբերմունքն արտաքին քաղաքականության և հատկապես հարևանների նկատմամբ, լիովին նույնական էր կայսերականի հետ», – ասում է Ռոնդելի հիմնադրամի քաղաքագետ և Բրիտանիայում Վրաստանի նախկին դեսպան Գիորգի Բադրիձեն:
Դարերը փոխվում են, քաղաքական կառուցվածքը նույնպես փոփոխություններ է ապրում, բայց հաճախ կառավարման ոճը կրկնվում է:
«Վրացական Դեմոկրատական հանրապետության անկախությունը տևեց ընդամենը երեք տարի և ավարտվեց բոլշևիկյան ներխուժմամբ և բռնակցմամբ, ինչպես նաև Թուրքիային Խորհրդային Ռուսաստանի կողմից Վրաստանի և Հայաստանի հաշվին տարածքային զիջումներով: Սովետական Միությունը փլուզվեց այնպես, ինչպես և Ռուսաստանի կայսրությունը, երբ նրա աշխարհաքաղաքական նկրտումները դարձան անտանելի բեռ նրա տնտեսության համար: Այս անգամ հեղափոխություն տեղի չունեցավ, բայց լիովին սնանկությունն էր: Այսօրվա Ռուսաստանը, դուրս գալով 80-ականների և 90-ականների վերջերի ցնցումներից, կրկնում է Կայսրության և ԽՍՀՄ ընթացքը», – ասում է նա:
Ներկայիս վրացական իրողությունները Վրաստանին սահմանափակում են գրեթե բոլոր ուղղություններով՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական: Աբխազիայում և Հարավային Օսիայում մարմրող հակամարտությունները դեմ են կանգնում ՆԱՏՕ-ին կամ Եվրամիությանը միանալու մտադրություններից: Եվ Ռուսաստանին հարակից սահմանները Վրաստանին դարձնում են հեշտ թիրախ բոլոր տեսակի մանիպուլյացիաների և ճնշումների համար:
«Ռուսաստանը Վրաստանին նորմալ հարևան լինելու հնարավորություն չի տվել: Մասնակցել է ներքին ապակայունացմանը 1991-ին՝ սկսած այդ ժամանակվանից աջակցելով զինված ընդդիմությանը և անջատողականներին: Շևարդնաձեի (մուտքը ԱՊՀ և այլն) և Իվանիշվիլիի իշխանությունների կողմից զիջումների փորձերը ոչ մի կերպ չփոխեցին Ռուսաստանի իշխանությունների վերաբերմունքը, բայց ի տարբերություն անցյալ դարերի, փոքր երկրները կախված չեն միայն իրենց անմիջական հարևաններից: Ռուսաստանի կողմից մշտական ճնշումն ու ագրեսիան ինչ-որ չափով փոխհատուցվում են այլ երկրների (և ոչ միայն Եվրամիության և ԱՄՆ-ի) աջակցությամբ, առանց որի անկախության պահպանումն էլ ավելի բարդ կլիներ, բայց միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Վրաստանը կպահպանի գործընկերների բարյացակամ վերաբերմունքը միայն այն դեպքում, եթե չհրաժարվի ժողովրդավարական քաղաքական համակարգի կառուցումից և ամրապնդի իր միջազգային տնտեսական գործառույթը՝ որպես կապող օղակ Սև ծովյան և Կասպից ծովի տարածաշրջանների: Վրաստանը հետագայում կարող է կատարել նույն գործառույթն իր հարավային հարևանների համար (Իրան և այլն)», – ասում է Գիորգի Բադրիձեն:
Տնտեսական կախվածություն
Վրաստանը տնտեսապես կախված է շատ երկրներից, առաջնահերթ դրանք առևտրային գործընկերներն են: Նրանցից ամենանշանակալին այս պահին Թուրքիան է: Վրաստանը կախված է թե ներմուծումից և արտահանումից, և թե սփյուռքից ու նրանց ֆինանսական փոխանցումներից:
«Առևտրային գործընկերների թվում առաջին հերթին՝ Թուրքիան, Ռուսաստանը, ԵՄ երկրները, Ադրբեջանը, իհարկե, այնպիսի առևտրային գործընկեր, ինչպիսիք են Հայաստանը, Ուկրաինան, այսինքն՝ բոլոր այն երկրները, որոնց հետ Վրաստանը առևտրային հարաբերություններ ունի: Բացի առևտրականից, կան նաև այլ պարտավորություններ: Կախվածությունը նաև կայանում է նրանում, որ Վրաստանի շատ քաղաքացիներ աշխատանքի են անցնում այլ երկրներում, նրանք այնտեղից գումար են փոխանցում, օրինակ՝ նույն Ռուսաստանում աշխատում են վրացիները, ոմանք պահպանել են Վրաստանի քաղաքացիությունը, մյուսները փոխել են քաղաքացիությունը: Քաղաքացիությունը կարելի է փոխել, բայց բարեկամներին հնարավոր չէ, եթե նրանք օգնում են իրենց բարեկամներին, դա նույնպես ստեղծում է կախվածություն», – ասում է «Ռոնդելի» հիմնադրամի քաղաքագետ Վլադիմիր Պապավան:
Տնտեսական կախվածության մեկ այլ գործոն է հանդիսանում օտարերկրյա ներդրումները:
«Կախվածությունն առաջանում է նաև ներդրումներից: Այսինքն` որտեղից գալիս են հիմնական ներդրումները, որտեղից գումար է մտնում, դրամական փոխանցումներ են կատարվում, այսինքն` այդ խնդիրներից շատերը համատեղելիություն են ստեղծում: Ինքնաբավ զարգացումը, այսինքն` տնտեսական զարգացման ամբողջական մեկուսացումը գրեթե անհնար է, և նույնիսկ այն երկրները, որոնք բացարձակապես բոլոր ռեսուրսներն ունեն իրենց տարածքում, նույնիսկ նրանք հակվածություն են ունենում, իսկ Վրաստանը փոքր պետություն է` 3.5 միլիոն բնակչությամբ, ավտարկիկ ռեժիմը, սկզբունքորեն, չի կարող օգտագործվել Վրաստանում, ուստի այն կախված է բազում պետություններից», – ասում է Պապավան:
Վրաստանում տնտեսական իրավիճակը տատանվում է այն երկրների տնտեսական կլիմայից ելնելով, որի ազդեցությունը զգալի է Վրաստանի վրա: Այսպիսով, յուրաքանչյուր երկիր իր ձևով ազդում է լարիի և ընդհանուր առմամբ գնաճի վրա: Ըստ քաղաքագետ Վլադիմիր Պապավայի՝ Թուրքիայի տնտեսությունը մեծ ազդեցություն ունի վրացական տնտեսության վրա, քանի որ այն թիվ մեկ առևտրային գործընկերն է՝ ամենախոշոր առևտրային գործընկերը, և այն, ինչ կատարվում է Թուրքիայի տնտեսությունում և թուրքական պետությունում, այս խնդիրները արտացոլվում են Վրաստանի տնտեսության վրա:
«Օրինակ, եթե այն տեղական ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքը անկայուն է, ապա դա արտացոլվում է վրացական արժույթի վրա: Քանի որ Թուրքիան ամենամեծ առևտրային գործընկերն է: Ռուսաստանն այս առումով մեծ նշանակություն ունի, բայց ռուբլու փոխարժեքի փոփոխությունը լարիի վրա շատ չի ազդում, և Ռուսաստանի հետ մենք ունենք առևտրային հարաբերություններ, շատ կարևոր է, որ դա կա: Ռուսաստանն այժմ առաջատար պետությունը չէ Վրաստանի տնտեսական և առևտրային հարաբերություններում: Պատժամիջոցները, որոնք Ռուսաստանը կիրառեց 2006 թ., երբ արգելք կար գինիների, հանքային ջրի և գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման հարցում, բոլոր այդ արգելքներն այժմ չկան, չնայած ժամանակ առ ժամանակ դրանք սպառնում են, նաև զբոսաշրջիկների մասով դեռ կան որոշակի սահմանափակումներ Ռուսաստանի կողմից, այսինքն՝ ռուսաստանցի զբոսաշրջիկները կարող են ազատ ուղևորվել Վրաստան, առանց մուտքի արտոնագրի, ուղիղ չվերթներ չկան, դա ինչ-որ չափով սահմանափակում է», – ասում է Վլադիմիր Պապավան:
Փոքր երկրների քաղաքականությունը և տնտեսությունները հաճախ միահյուսված են: Մեծ տնտեսությունները, որոնք կարող են աշխարհին թելադրել, հաճախ թելադրում են նաև քաղաքականությունը:
Քրիստինե Մարաբյան