Ախալքալաքի շրջանային դատարանը բավարարել է «Գոլդ 777» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի: Արդյունքում, քաղաքապետարանը պարտավոր է վճարել ջրամբարի համար, որը Կումուրդո գյուղում կառուցել է «Գոլդ 777»-ը, ու որտեղ ջուր չի լցվում:
2019 թվականի դեկտեմբերի 3-ին Ախալքալաքի շրջանի դատարանում հայտարարվեց դատարանի որոշումը «Գոլդ 777» ընկերության հայցով ընդդեմ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի: «Գոլդ 777» ընկերությունը բողոք էր ներկայացրել քաղաքապետարանի դեմ, քանի որ այնտեղ հրաժարվել էին վճարել աշխատանքի համար: Դատարանը բավարարեց ընկերության հայցը, քանի որ նա ամբողջ աշխատանքը կատարել էր նախագծի համաձայն:
«Գոլդ 777» ընկերության ներկայացուցիչն ասում է, որ նրանք կատարել են աշխատանքը, իսկ քաղաքապետարանը չի ցանկանում վճարել:
«Մենք բարեխիղճ կատարել ենք մեր աշխատանքը, բայց նրանք չեն ուզում վճարել, ասում են, որ ջուր չի լցվում, բայց ես աշխատանքը կատարել եմ ըստ նախագծի, նրանք եկել են, տեսել, իսկ եթե ջուրը չի հոսում, ուրեմն նախագիծն է սխալ կազմվել: Եթե ես իմանայի, ես չէի վերցնի այս գործը, չնայած սա իմ գործը չէ: Այն, ինչ մեզ վերաբերում է, մենք դա արել ենք: Երկու անգամ եկել, տեսել են, որ ջուրը բարձրանում է մինչ ջրամբար, եթե փակեն գյուղի խմելու ջուրը, բայց մյուս կողմից էլ, երբ ջուրը փակեցին, խողովակները պայթեցին », – ասաց Խաչատուր Մոսոյանը:
Քաղաքապետարանի իրավաբանական ծառայության վարչական և իրավաբանական բաժնի պետ Վրեժ Բերիկյանն ասաց, որ քաղաքապետարանը ընկերությանը չի վճարում, քանի որ արդյունքը չի տեսնում՝ ջուրը չի բարձրանում մինչ ջրամբար:
«Նրանք Գումբուրդո գյուղում պիտի անասուններին ջրելու համար ջուր անցկացնեին 100 մմ-ոց խողովակից 32 մմ խողովակի միջոցով », – ասաց Վրեժ Բերիկյանը:
Դատական որոշման համաձայն, հայցվորը ճիշտ է, քաղաքապետարանը ստորագրել է պայմանագիրը և պետք է կատարի իր պարտավորությունները, քանի որ հայցվորն կատարել է պայմանագրով նախատեսված իր աշխատանքները:
Դատարանի որոշումն Ախալքալաքի մունիցիպալիտետում մեկնաբանեցին հետևյալ կերպ.
«Մենք դեռ պաշտոնապես դատարանի որոշումը չենք ստացել: Մենք դա կստանանք 20 օրվա ընթացքում, և եթե նպատակահարմար համարենք և արդարացված լինի, կբողոքարկենք որոշումը, քանի որ այդ բոլորը լրացուցիչ ծախսերն են », – ասաց քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետ Խաչատուր Ալեքսանյանը:
«Գոլդ 777» ՍՊԸ-ը Գումբուրդո գյուղում անասունների համար ջուր անցկացնելու տենդերը շահել էր այս տիպի հինգ այլ աշխատանքների հետ միասին: Բոլոր 6 աշխատանքների ընդհանուր գումարը կազմում էր 38 751 լարի: «Գոլդ 777» ընկերությանը չեն վճարել միայն Գումբուրդո գյուղի աշխատանքի դիմաց՝ 6762 լարին:
Նշենք, որ սա առաջին և միակ դեպքը չէ, երբ շինարարը նախագծի համաձայն կատարում է աշխատանքը, իսկ քաղաքապետարանը, արդյունքը չտեսնելով չի վճարում շինարարական ընկեությանը: Ընկերությունները դիմում են դատարան պահանջելով իրենց գումարը: Ալաթուման գյուղում նույն իրավիճակն է, կապված խմելու ջրի ջրագծի շինարարության հետ: Վերջնական արդյունքը չի երևում, իսկ շինարարը արդարանում է, որ աշխատանքներն իրականացվել են ըստ նախահաշվի և նախագծի:
Ալաթուման գյուղում ջրագծի կառուցման տենդերը շահել էր ֆիզիկական անձ Գարիկ Զարմարյանը: Վերջինս նույնպես դատարան հայց էր ներկայացրել, քանի որ քաղաքապետարանը հրաժարվել էր վճարել՝ արդյունքի բացակայության հիմնավորմամբ:
«Դատարանը մեզ պարտադրեց վճարել մոտ 25 հազար լարի: Մենք հրաժարվում էինք վճարել, քանի որ ջուրը չէր հոսում: Մենք ունեցանք փորձագիտական եզրակացություն, որտեղից պարզ դառավ, որ շինարարն իր աշխատանքը կատարել էր ըստ նախագծի: Մենք քննարկում ենք նախաղծողին դատի տալու և վնասի հատուցում ստանալու տարբերակը, չնայած դեռ վերջնական որոշում չենք կայացրել », – ասաց Խաչատուր Ալեքսանյանը: