Օլավերդ գյուղում դժգոհում են, որ մինչ օրս խմելու ջուր և բնական գազ չունեն: Չնայած, որ գյուղում ջրամատակարարման տարբեր ծրագրեր են իրականցվում, սակայն կանայք մինչ օրս ճակուլ քուղաներով ջուր են կրում:
«Բաց սահմաններ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ օլավերդցիները երկու կարևոր սոցիալական հարց բարձրացրին՝ ջրի և բնական գազի հիմնախնդիրը:
Օլավերդ գյուղը 150 տնտեսություն ունի: Մոտ 80 ընտանիք, որոնց տները գտնվում են գյուղի ցածրադիր մասում սովետական տարիներից մինչ օրս ապահովված են ինքնահոս խմելու ջրով: Մոտ մեկ ամիս առաջ գյուղում շահագործման հանձնվեց ջրային անծախսատար պոմպ, որը խմելու ջրով է ապահովում ևս 80 տան: Սակայն գյուղացիները դժգոհում են՝ ջրային այս կայանն էլ խնդիրը չլուծեց: Քանի որ այն մեկ ամսվա մեջ 4 անգամ փչացել է: Ինչպես նաև գյուղի ծայրամասային տներ ջուրը այդպես էլ չի հասել:
«Մեր տունը գյուղի վերջնամասում է գտնվում, ջուրը չի հասնի տեղ: Էդ սարքը չի արդարացնում իրեն, էլի փչացել է»,- ասաց գյուղի բնակիչ Կարեն Գրիգորյանը:
Լուսինե Բրոյանը օրական 1 կմ մի քանի անգամ անցում է, որպեսզի աղբյուրից ջուր բերի բազմանդամ ընտանիքի կենցաղային կարիքները հոգալու համար:
«Մենք պատրաստ ենք, թող ջուր լինի, փողը կտանք, ուզում է 10 լարի լինի: Տղաս 15 տարեկան է, ասում եմ վիճակդ տես, ինչի չես լողացել՝ ասում է մամա ջուր չեկավ ինչ անեմ: Մենք էլ ստիպված ժանգոտ ջրով ենք լվացվում: Էս մարդիկ եկան սարքեցին, չարչարվեցին, բայց ջուր չկա, ինչ անեն խեղճերը»,- ասաց Օլավերդ գյուղի բնակիչ Լուսինե Բրոյանը:
Ռուբիկ Ներսիսյանը երազում է, որ մի օր Օլավերդում վերանա դույլերով ջուր կրելը:
«Ջուրը, որ եկավ մեր գյուղացիք կփրկվեն: Ես երեխա եմ եղել կանայք քուղաներով ջուր էին կրում, մինչև այսօր կրում են: Մեր գյուղում իսկապես չգիտեն ինչ է բաղնիքում նորմալ, մարդավարի լողանալը»,- ասաց նա:
Երկու տարի է՝ օլավերդցիները գյուղական ծրագրով հատկացված գումարները ուղղորդում են ջրատարի շինարարությանը: Այժմ Լևանա լճից Օլավերդ հասնող ջրատար է կառուցվում: Ջուրը Լևանա լճից մինչև Օլավերդի «յայլա» կոչվող տարածքում գտնվող ջրամբար հասնելու համար պետք է 7 կմ ճանապարհ անցնի: Յայլայում գտնվող ջրամբարը 200-250 տոննա տարողություն ունի: 7 կմ-ից 4400 մետրի շինարարությունն արդեն ավարտված է «Գյուղին աջակցություն» ծրագրի գումարներով: Ջրագիծն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է ևս 2800 մ կառուցել:
Օլավերդ գյուղի լիազոր Եսաե Ներսեսի խոսքով Ախալքալաքի վարչությունը խոստացել է միջոցներ տրամադրել այդ գործը ավարտին հասցնելու համար:
Լևանա լճի ջուրը չի կարելի օգտագործել խմելու նպատակով: Գյուղացիների համար այս ջրագիծը իսկական փրկություն է: Ջրագծի շահագործումից հետո Օլավերդում ստիպված չեն լինի լվացվելու, լողանալու, լվացք անելու, անասուններին ջրելու և այլնի համար դույլերով ջուր կրել:
Օլավերդում դժգոհում են, որ ի տարբերություն հարևան Գոման և Կուլիկամ գյուղերի իրենց գյուղը բնական գազով ապահովված չէ: Գյուղացիների խոսքերով յուրաքանչյուր ընտանիք ձմռանը տունը տաքացնելու համար միջինը 1000 լարի փայտի գումար է տալիս:
«Սարերի մեջ ենք ապրում, հեշտ չէ: Ամեն կերպ մեզ անտեսում են: Այսօր 800 լարի տվել փայտ եմ գնել ձմռանը տունը տաքացնելու համար: Եթե գազ լիներ, համ մաքուր կլիներ, համ էլ ավելի էժան: Մի բալոն գազը 30 լարի է, մի ամիս էլ չի հերիքում: Ինչ անենք»,- ասաց Օլավերդ գյուղի բնակիչ Նուռիկ Ներսիսյանը:
«Բաց սահմաններ» կազմակերպության հանդիպման արդյունքում մասնակիցները եկան եզրակացության, որ գյուղի բնակիչները ստորագրահավաքով դիմեն գազամատակարարման ընկերություն, գյուղին բնական գազ հասցնելու խնդրանքով:
Աղունիկ Այվազյան