Արդեն 6 տարի է, ինչ Ախալքալաքում ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում խոշոր գողություններ, հիմնականում մարդկանց տներից գողանում են թանկարժեք զարդեր: Այսքան ժամանակ ոչ մի բացահայտված գործ չկա: Թալանված բնակիչները հաճախ դժգոհում են, որ իրավապահ մարմինները չեն գործում, ոմանք դժգոհում են նրանց պրոֆեսիոնալիզմի բացակայությունից, իսկ ոմանք էլ ապօրինի գործողություններից:
Մարդիկ միմյանց միջև քննարկում են գողությունների թեման, իսկ յուրաքանչյուր նոր թալանի դեպքում պնդում, որ սա շարունակվում է ոստիկանության անգործության պատճառով: Ախալքալաքում ձևավորվել է գողություններից տուժածների չգրված ակումբ: Նոր գողության դեպքում՝ ավելի վաղ թալանված մարդիկ անպայման աջակցում են նոր զոհին, փորձում ինչ-որ կերպ օգնել նրան, թեկուզ հոգեբանորեն:
Նոյեմբերի 7-ին, տեղական իշխանությունների և բնակիչների հանդիպման ժամանակ Ախալքալաքից ընտրված մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանին փոխանցվեց անցած մի քանի տարվա ընթացքում բնակարանների գողություններից տուժած բնակիչների կողմից ստորագրված նամակ: Մարդիկ դժգոհում են իրավապահ մարմինների աշխատանքից, որի արդյունքում ոչ գողերն են հայտնաբերվել, ոչ էլ գողոնը:
Ախալքալաքում, 2014-ից ի վեր գողությունների դեպքերն ավելի հաճախակի բնույթ են կրում, տներ ներխուժելու հնարքներն ամեն անգամ ավելի ճկուն են դարձել: Ախալքալաքցիները, որոնք նախկինում քնում էին բաց դռներով և պատուհաններով, սկսեցին զգուշանալ և կողպել դռները, բայց դա էլ չփրկեց նրանց փորձառու գողերից: Գողությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ տանտերերը գնում են հարսանիքների կամ այլ միջոցառումների, կամ էլ պարզապես բացակայում են տնից: Շատ հաճախ տները հայտնաբերվում են հիմնահատակ ավերված, քարուքանդ վիճակում և շագանակագույն գույնի, ինչ-որ տարօրինակ նյութ:
Թալանված բնակիչներն անհամբեր սպասում են, որ գողերը գտնվեն, բայց հուսադրող տեղեկություններ չեն ստանում:
«Անցել է վեց ամսից ավելի, ոչ մի առաջընթաց չի գրանցվել, նույնիսկ փորձաքննության արդյունքները դեռ չկան, ասում են, որ նման դեպքերը շատ են, հետևաբար փորձաքննությունն ուշանում է: Զարմանում եմ, նույնիսկ գողերի հետքերը կային, այն ժամանակ դեռ բակում ձյուն կար: Այս ընթացքում նրանք մեզ ցույց են տվել միայն մի իր՝ պարզելու, թե մերն է դա արդյո՞ք: Թվում է, թե նրանք չեն ուզում գտնել գողերին», – ասում է քաղաքի թալանված ընտանիքներից մեկի անդամը:
Տուժած ընտանիքները, ովքեր բողոք են ստորագրել պատգամավորի անունով՝ 10-ն են: Սակայն, դեռ ոչ բոլորն են պատրաստ բացահայտ խոսելու այն մասին, թե ինչպես են ընթանում հարուցված գործերը, գողացված իրերը վերադարձվել են արդյո՞ք՝ նախընտրելով մի քիչ էլ սպասել, կարող է մի բան պարզվի: Այս 10 տուժած ընթանիքների թվում է նաև Փալանջյանների ընտանիքը, թեպետ նրանք դժգոհում են ոչ թե նրանից, որ իրավապահ մարմինները չեն գործում, այլ այն փաստից, որ նրանք կարծես միտումնավոր չեն գտնում ավազակներին: Այս գործով նրանք պատասխանատվության են ենթարկել այն մարդկանց, ովքեր իրացրել են գողոնը, բայց անմիջապես գողերին այդպես էլ չեն գտել:
«Ես էլ, ի թիվս այլ տուժածների, ստորագրել եմ պատգամավորի անունով բողոքը, որպեսզի նա զբաղվի այս հարցով: Տեքստում մոտավորապես գրված էր, որ տարածաշրջանում հանցավոր իրավիճակն աճել է: Այնտեղ գրված էր ոստիկանության և դատախազության բացարձակ անգործության մասին: Հանցագործներին թաքցնելու մասին, ինչը նշանակում է հանցակից լինել: Այնտեղ խոսվում էր քննչական փաստաթղթերում, հարցաքննության արձանագրություններում ստորագրությունները կեղծելու փաստերի մասին: Ինչպես ես տեղյակ եմ, պատգամավորը խոստացել էր բողոքը հասցնել մինչ պատկան ատյաններ», – ասաց տուժողներից մեկը՝ Տիգրան Փալանջյանը:
Թալանվածների ցանկում առաջինը Փալանջյանների ընտանիքն էր: Նրանց տան բոլոր զարդերը այնքան արհեստավարժ կերպով էին գողացել, որ նրանք անմիջապես չէին հասկացել, որ իրենց թալանել են: Դեպքը կատարվել էր 2014 թվականին: Ոստիկանությունը գործը փոխանցել էր դատախազությանը, տեղի է ունեցել դատավարություն: Այնուամենայնիվ, ոչ գողերը և ոչ էլ գողոնի զգալի մասը չի հայտնաբերվել:
«Մեր տունը չեն կոտրել, պարզապես մտել են ներս և կոնկրետ տեղից գողացել: Գողությունը մենք հայտնաբերեցինք 2014 թվականի հոկտեմբերի 12-ին, բայց մենք չգիտենք, թե իրականում երբ է կատարվել այն: Մենք պետք է հարսանիք գնայինք, ես ոչ մի թանկարժեք զարդ չգտա: Մեր տանը ոչինչ չէր մատնանշում, որ տանը գող է եղել, այսինքն՝ նրանք հստակ գիտեին: Արդյունքում, մեր գործով նստեցրեցին ոմն Խաչատրյանի, գողոնը վաճառելու և ոստիկանության վրա հարձակվելու մեղադրանքով: Նրանք բաց թողեցին Սիմոնին, բայց մենք գործին ընթաց չտվեցինք: Դատավարությունից անմիջապես հետո նա իր ընտանիքի հետ միասին տեղափոխվեց Երևան», – ասում է Տիգրան Փալանջյանի կինը՝ Ամալյան:
Փալանջյանների տնից գողացել են 30 000 դոլարի ոսկյա և արծաթյա զարդեր: Ըստ տուժողների՝ վկաները իրենց գործով դատարանում չեն հարցաքննվել:
«Գտնվել են վաճառողները, 3 հոգի, այսինքն՝ եղել են վաճառողներ, եղել են իրեղեն ապացույցներ՝ 5-6 կտոր ոսկի, բայց մինչ օրս նրանք մեզ չեն ասում, թե ո՞վ է գողը: Ինչպես կարող է այդպես լինել: Եթե վաճառողները չեն ասում, թե ով է եղել, ապա գողերի նման նրանք էլ պետք է պատժվեն: Գողերին թաքցնում են: Նրանք ոչ մի անգամ մեզ չեն հարցրել, սկզբում մեզ չէին թողնում և չէին ծանուցում դատի մասին, մենք ինքներս էինք իմանում և ներկայանում՝ որպես տուժող կողմ: 33 կտոր ոսկուց վերադարձրել են ընդամենը 5-ը: Խաչատրյանը (այս գործով ամբաստանյալը) ասաց, որ, օրինակ, այսինչ տեղում նրանք հանձնել են արծաթե ծաղկամանները: Նա ցույց տվեց այդ ծաղկամանների տեղը, բայց վերջում մեզ ոչ ոք չվերադարձրեց այդ ծաղկամանները, ինչու չէին հեռացրել այդ վայրից, և չվերադարձրեցին ես չհասկացա, այսինքն՝ ոսկին անհետացավ այս ամբողջ շղթայի արանքում: Ես նրանց տեղեկություն հայտնեցի, որ այս գրավատուն այսքան ոսկի է հանձնվել: Ոսկին գտանք մենք, նրանք (խմբ. ոստիկանությունը) ոչինչ չէր ձեռնարկում, որևէ գործ չէին բացահայտում: Դատավարության ընթացքում ոչ ոք Խաչատրյանին չհարցրեց, թե ով է իրեն փոխանցել գողացված ոսկին: Կարծես նրանք չէին ուզում իմանալ ճշմարտությունը, որպեսզի այն չբարձրաձայնվի», – ասում է Տիգրան Փալանջյանը:
Փալանջյանները կոնկրետ բողոքում են դատախազության աշխատանքից, քանի որ դատախազության միջամտությունից հետո գործի ընթացքն սկսել է դանդաղել: Գործի ընթացքում Փալանջյանները դիմել են դատախազություն, քանի որ նրանք վստահ էին, որ հետաքննության ընթացքում խախտվել են իրենց իրավունքները, քանի որ փաստաթղթերից շատերը, որոնք նրանք չեն ստորագրել, նրանց ստորագրությունները կեղծվել են:
«Մեր ստորագրությունները կեղծվել են, հարց՝ ինչու՞: Ինչու են նրանք ստորագրել իմ փոխարեն: Նրանք ստորագրել են հարցաքննության արձանագրությունները, ո՞ր ժամին են նրանք հարցաքննվել, ինչու՞, ի՞նչ ոսկե իրեր են ցույց տվել, բոլոր այդ փաստաթղթերը փոխվել են: Մենք ունենք մի քանի փաստաթուղթ, որտեղ կեղծվել է կնոջս ստորագրությունը: Սա փաստ է: Մենք բողոքեցինք, դատախազությունը դժկամորեն համաձայնվեց գործ հարուցել, մենք նրանց փաստացի ստիպեցինք: Գիտե՞ք ինչ էին մեզ ասում: «Գիտես, եթե սխալվել ես դու, ապա մենք քո դեմ քրեական գործ կհարուցենք: Նրանք մեզ կես ժամ վախեցնում էին: Այսպիսով, գողերը չեն պատժվի, իսկ ես, ով ոչ մի ապօրինի բան չի արել, կպատժվեմ: Ստացվում է այսպես են պաշտպանում մեզ՝ քաղաքացիներիս: Վերջերս փաստաբանը դիմում է գրել այն մասին, որ ստորագրությունները կեղծելու գործով մեզ ճանաչեն տուժող կողմ: 4 տարի է փորձաքննությունը չի կարող որոշել՝ ստորագրությունները կեղծված են, թե ոչ: Չնայած կեղծումն այնքան ակնհայտ է, որ յուրաքանչյուր ոք կարող է դա որոշել», – ասում է Տիգրան Փալանջյանը:
Վերջերս թալանվել էր Փալանջյանների ընտանիքի ազգականներից մեկը: Ոստիկանությունը գործ է հարուցել, բայց ոչ ոք վստահ չէ, որ գողերը կգտնվեն, իսկ գողոնը կվերադարձվի:
Մենք ձեզ կտեղեկացնենք այն մասին, թե վերջին 6 տարվա ընթացքում քանի՞ գողության դեպք է գրանցվել Ախալքալաքում և դրանցից քանիսն են բացահայտվել, երբ մենք կստանանք Ներքին գործերի նախարարությունից մեր հարցերի պատասխանները:
Քրիստինե Մարաբյան