Այսօր Ախալքալաքում բացվեց կանանց նվիրված ֆոտո-ցուցահանդես: Միջոցառումը կազմակերպել էին «Բաց սահմաններ» հասարակական կազմակերպությունը Jnews լրատվականի հետ միասին «Օրբելիանի Վրաստան» հիմնադրամի աջակցությամբ:

Ախալքալաքի «Գրանդ Մուր» հյուրանոցային համալիրում 12:00-ին բացվեց ֆոտո-ցուցահանդես, որտեղ ներկայացված էր Ջավախքում ապրող կանանց կյանքն ու առօրյան: Լուսանկարների հեղինակները 15-18-ամյա այն երիտասարդներն էին, ովքեր քաղաքացիական լրագրություն են ուսուցանում «Բաց սահմաններ» կազմակերպության կողմից «Ավելի շատ քաղաքացիական ակտիվություն jnews.ge-ի միջոցով» նախագծի շրջանակներում: Լուսանկարչական այս ցուցահանդեսի նպատակն է բացահայտել Ջավախքի կանանց կյանքի պատմությունը, ապագայի երազանքներն և հեռանկարները:

DSC_6097

«Այս ցուցահանդեսով մենք երկու հաղթանակ տոնեցինք: Մեկը՝ մեր երիտասարդական խմբի աշխատանքի արդյունքն է, աշխատանքների մեջ քիչ չեն պրոֆեսիոնալ նկարները: Երկրորդը՝ կամավորական աշխատանքն էր: Մենք ևս մեկ անգամ ցույց տվեցինք, որ սուղ միջոցներով, բայց մեծ ցանկությամբ կարելի է հասնել մեծ արդյունքների», – ասաց «Բաց սահմաններ» կազմակերպույթան նախագահ Ռիմա Ղարիբյանը:

cucahandes2

Ցուցահանդեսի կազմակերպիչները առանձնակի շեշտադրում են անում կամավորների կատարած աշխատանքին: Հենց միջոցառման հիմնական ասելիքներից մեկն է՝ քաջալերել մեզանում կամավորական աշխատանքի կարևորությունը:

Լուսանկարչական ցուցահանդեսին ներկայացված էր թվով 25 լուսանկար: «Ծերության ժպիտը», «Կարոտ», «Սերունդների կապը», «Ստվերներն անհետանում են կեսօրին», «Դերձակ Անուշը», «Դարերով միասին», «Նուռ հայացք», «Փշալարերից այն կողմ», «Ինտեգրում», «Աշխարհայացք», «Նազանք», «Սերունդների կապը» և այլն: Նման վերտառությամբ լուսանկարները գրավում էին այցելուների ուշադրությունը:

cucahandes1

«Այն փաստը, որ երիտասարդները հնարավորություն ունեն իրենց ուսումնական պրոցեսը դարձնել գործնական և ունենալ ցուցահանդես, շատ ողջունելի է։ Այսօրվա ցուցահանդեսը, ոչ միայն երիտասարդների ինքնարտահայտման միջոց էր, այլ նաև համախմբող երևույթ, որ ցույց տվեց որ Ջավախքում ևս նման միջոցառումները պահանջված են և այցելուները նման ցուցահանդեսների անհրաժեշտություն են զգում», – ասաց ցուցահանդեսի այցելու Սոնա Տոնականյանը:

cucahandes3

Կատյա Մոսոյանն առաջին անգամ է մասնակցում լուսանկարչական ցուցահանդեսի որպես հեղինակ: Նրա համար կարևոր է, ոչ միայն իր մասնակցությունը, այլև այն հանգամանքը, որ հենց մեր քաղաքում է նման հետաքրքիր և արդիական մշակութային միջոցառումներ անցկացվում:

«Սկզբում շատ լարված էի, հետո հանգիստ էր, իսկ վերջում արդեն ուրախացա: Իմ նկարներն առաջին անգամ են ներկայացվում ցուցահանդեսի: Ես այնքան ուրախ եմ, որ իմ նկարները ներկայացվեց հասարակության լայն շրջանակներին: Ինձ շատ ոգևորեց այն փաստը, որ մարդիկ մոտենում և գովասանքի խոսքեր էին ասում, իհարկե նաև դիտողություններ էին անում: Կարևորը մարդիկ անտարբեր չէին և անընդհատ գալիս ու գնում էին», – ասաց Կատյա Մոսոյանը:

Ցուցահանդեսի բացման արարողության ավարտին ցուցադրվեց վավերագրական ֆիլմ դուխոբորների մասին, նկարահանված “Go Group Media”-ի կողմից:

cucahandes5

Այս ցուցահանդեսն Ախալքալաքում կարելի է ասել մշակութային նորություն էր, այն առումով, որ նման միջոցառումների պակասը ակնառու է մեզանում:

Ցուցադրված նկարները կարելի է տեսնել այստեղ:
Աղունիկ Այվազյան