Ինչո՞ւ Հայոց Ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը չհասավ Շրջանային Ժողովի նիստի օրակարգ: Այս հարցի բարձրացումը Ախալքալաքի Շրջանային Ժողովում ոմանք ընկալում են որպես հայրենասիրութան դրսևորու՞մ, ոմանք էլ՝ քաղաքական քայլ:
Մի քանի օր առաջ Ախալքալաքի Շրջանային Ժողովի 13 պատգամավորներ, որոնցից 3-ը(Գրիգոր Ծորմուտյան, Պարգև Յորդանյան, Արմեն Բոլորչյան) հետագայում հետ վերցրեցին իրենց ստորագրությունները, դիմել էին Շրջանային ժողովի նախագահին, որպեսզի շրջանային ժողովը արտահերթ նիստ հրավիրեր և օրակարգում քննարկեր և ընդուներ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը: Սակայն համապատասխան քվորում չապահովելու պատճառով փաստաթուղթը հետ է ուղարկվել:
«Ռեգլամենտով սահմանված կարգին չէր համապատասխանում: Արտահերթ նիստ անցկացնելու համար պետք է Սակրեբուլոյի պատգամավորների 1/3 մասի ստորագրությունը: Իսկ այդ փաստաթուղթը կազմվել էր ինչ-որ նախաձեռնող խմբի կողմից և այդ մարդիկ չունեին 1/3 մաս, բերեցին, ներկայացրին հարցը իրավաբանական կոմիտետ: Իրավաբանական կոմիտետը ժողով հրավիրեց և քանի որ օրենքով սահմանված կարգին չէր համապատասխանում, այսինքն՝ նիստը տեղափոխել օրակարգ, այդ իսկ պատճառով չեղարկվեց», – պարզաբանեց Իրավաբանական կոմիտետի անդամ Մելքոն Մակարյանը:
Սերգո Լագզյանը մեկն է այն պատգամավորներից, որ ստորագրել է այդ փաստաթղթի տակ, միևնույն ժամանակ վերջինս Իրավաբանական կոմիտետի անդամ է, այսինքն իր ստորագրած փաստաթուղթը հետ է ուղարկվել նաև իր ստորագրութամբ:
«Մեր պարտքն ենք համարում բարձրացնել ցեղասպանության հարցը, ինչպես յուրաքանչյուր հայ, այնպես էլ մենք, ուրիշ ոչինչ չկա: Անցած տարիներին էլ ենք դիմում ներկայացրել, կրկնում եմ, սա մեր պարտքն է, որպես հայ, հանկարծ քաղաքականության հետ չկապեք, Հայաստան, Վրաստան ու աշխարհ: Երեք հոգի ստորագրողներից հրաժարվեցին, դա իրենց անձնական գործն է: Ցեղասպանության ընդունումը ոչինչ էլ չի տա մեզ, ուղղակի հայի ինքնասիրության հարցն է: Չենք ասում ճանաչեն ինչպես Հունաստանում կամ Ֆրանսիայում, չեն ճանաչում գոնե հայտարարություն տան, որ գիտես վերջը եղբայր ժողովուրդ ենք դարավոր բարեկամություն ունենք», – ասաց Ախալքալաքի Շրջանային Ժողովի պատգամավոր Սերգո Լագզյանը:
Ախալքալաքի Շրջանային ժողովի մեկ այլ պատգամավորի կարծիքով, այսօր Հայոց Ցեղասպանության ընդունման հարց բարձրացնելը տեղական մակարդակով ճիշտ քայլ չէ:
«Ցավալին այն է, որ մարդիկ մեր 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը իրենց անձնական շահերի համար են օգտագործում, այսօր մեր սրբադասված նահատակների հիշատակը օգտագործելն առնվազն հանցագործություն է, եթե ոչ՝ սրբապղծություն: 2 տարի առաջ մենք էինք նախաձեռնող խումբը և այդ նույն մարդիկ խոչընդոտեցին, իսկ հիմա դրսից գրում ուղարկում են: Չակերտավոր հայրենասերները 12-13 տարի այդ հնարավորություն ունեին, բայց չեն արել»,- ասաց Մկրտիչ Մղդեսյանը:
Jnews-ի դիտարկմանը թե ինչ տարբերություն, երկու, տաս տարի առաջ կամ այսօր նույն հարցն է բարձրացվում, ինչու այն ժամանակ կողմ էիք և Ձեր ստորագրությունն եք դրել, իսկ հիմա՝ ոչ:
«Տարբերությունն այն է, որ հենց տեղում պետք է լիներ նախաձեռնությունը, ոչ թե դրսից ինչ-որ մարդկանց թելադրանքով: Կա՞ մի հայ, որ դեմ է Ցեղասպանության ընդումանը, իհարկե՝ ոչ, բայց այսօր ինչու՞ են մարդկանց շահագործում, երբ 10 տարի այդ հնարավորությունն ունեին, այն ժամանակ 22 պատգամավորներով ստորագրեցինք, լռեցրին, հիմա 10 հոգի ստորագրել են, որոնց հարցնում ես՝ ինչի տակ ես ստորագրել տեղյակ չեն: Նման բան չի կարելի անել, դա հայրենասիրություն չէ»,- ասաց Մկրտիչ Մղդեսյանը:
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը Ախալքալաքի տեղական իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ընդունմանը վերաբերյալ ասաց. «Տեղական իշխանության կողմից Հայոց Ցեղասպանության ընդունումը սիմվոլիկ նշանակություն ունի»:
Նշենք, որ Ախալքալաքի շրջանային ժողովը կազմված է 37 պատգամավորներից: Եվ շրջանային ժողովի նիստի կայացման և որևէ հարց օրակարգում քննարկելու համար նվազագույնն անհրաժեշտ է Ժողովի պատգամավորնեի 1/3-րդի համաձայնությունը, կամ որ նույնն է 13 պատգամավորի մասնակցություն:
Ուշադրության է արժանի այն փաստը, որ Հայոց Ցեղասպանության ընդունման և դատապարտման հարցը Ախալքալաքի շրջանային ժողովում բազմիցս բարձրացվել է տարբեր հասարակական կազմակերպությունների ու քաղաքական գործիչների կողմից, սակայն առաջին անգամ է, որ հարցը այսքան քննարկումների ու քննադատությունների է արժանանում:
(Պատգամավորների նամակը Շրջանային ժողովի նախագահին)
Աղունիկ Այվազյան