Շրջանային ժողովի պատգամավորների աշխատանքը անհատույց է, սակայն Ախալքալաքի ժողովի պատգամավորներն իրենց ծախսերի համար ամեն ամիս ստանում են 400 լարի։
Ըստ օրենսդրության, տեղական իշխանությունը Ժողովի պատգամավորների համար աշխատավարձ սահմանելու իրավունք չունի։ Նշենք, որ «Տեղական ինքնակառավարության մասին» օրենսգրքի 41-րդ հոդվածի առաջին մասում (Շրջանային ժողովի անդամների վարձատրում) գրված է.
«Շրջանային ժողովի անդամը կատարում է իր լիազորությունները պաշտոնական գործունեությունից չկտրվելով ու անհատույց։ Վարձատրվում է միայն Շրջանային ժողովի պաշտոնական անձանց գործունեությունը»:
Այսինքն, ըստ օրենսդրության, աշխատավարձ կարող են ստանալ միայն Ժողովի նախագահը, նրա տեղակալը և այն պատգամավորները, որոնք հանդիսանում են հանձնաժողովների կամ խմբակցությունների ղեկավար։
Այս տարի Ախալքալաքի շրջանային բյուջեից աշխատավարձերի համար Ժողովին հատկացվել է 370 000 լարի, անցյալ 2014 թվականին աշխատավարձերի գումարը եղել է շատ ավելի մեծ, և կազմել է 441 500 լարի:
Նշենք, որ բյուջեից պատկառելի գումար ուղղված է նաև պրեմիայի համար, որը կազմում է 122 000 լարի, անցյալ տարի նման ծախս չէր նախատեսված բյուջեում։
Օրենսդրությունը նախատեսում է շրջանային ժողովի պատգամավորների անհատույց աշխատանք, այսինքն՝ աշխատանք, որի դիմաց նրանք չեն ստանում աշխատավարձ։ Սակայն նույն օրենսդրությունը թույլ է տալիս պատգամավորների աշխատանքային ծախսերը փակել բյուջեից։
Ախալքալաքի շրջանային Վարչության ֆինանսական բաժինը «Ինքնակառավարման մարմինների մասին» օրենսգրքի նույն՝ 41-րդ հոդվածի, 3-րդ կետով է բացատրում ամսեկան 400 լարիի հատկացումը պատգամավորներին: Օրենսդրությունում գրված է. «Շրջանային Ժողովի անդամի աշխատանքի հետ կապված ծախսերը կարող են հատուցվել ըստ շրջանային ժողովի հաստատած կանոնակարգի»:
Ախալքալաքի շրջանային ժողովը որոշել է 2015 թ. հունվարի 1-ից պատգամավորների ծախսերի համար հատկացնել 400 լարի: Այս գումարն ըստ Վարչության ֆինանսական բաժնի տեղեկատվության պետք է փակի պատգամավորների այնպիսի ծախսերը, ինչպիսին են գործուղումներ, չնայած, որ բյուջեով Շրջանային ժողովի նմանատիպ ծախսերի համար առանձին հատկացված է 3000 լարի։ Օրինակ ճանապարհային ծախսեր, որոնց համար բյուջեում կա 32 000 լարի հատկացում, կամ փոստի ծախսեր, որոնց համար ևս բյուջեն նախատեսել է 500 լարի։
Քրիստինե Մարաբյան