Ջավախքի լրատվական կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում հարցում է անցկացրել, որպեսզի պարզի՝ «Ո՞ր ընտրական համակարգով (համամասնական կամ խառը) կցանկանային մեր ընթերցողները քվեարկել 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին»:
Հարցումն անցկացվել է նոյեմբերի 15-ից 18-ը: Երեք օրվա ընթացքում հարցմանը մասնակցել է 105 օգտատեր: Արդյունքների համաձայն, խառը համակարգի օգտին քվեարկել է 67%-ը (70 օգտատեր), իսկ համամասնականի օգտին` 32%-ը (35 օգտատեր):
Այնուամենայնիվ, հարցումը վերլուծելուց հետո, պարզ դարձավ, թե կոնկրետ ով է քվեարկել, հարցումը ցույց չի տալիս բնակչության կարծիքը, այլ ավելի շատ՝ Ախալքալաքի քաղաքական շրջանակների:
Խառը համակարգի օգտին քվեարկողների թվում են՝ Ախալքալաքի քաղաքապետարանի աշխատակիցները, Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահի հարազատները, Խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի ընտանիքի անդամները, նրա եղբոր ընտանիքի անդամները, անվտանգության աշխատակիցը և Մկոյանի քարտուղարը, «Վրացական երազանք»-ի շտաբի աշխատակիցները և այլք:
Համամասնական ընտրակարգին կողմ քվեարկողների թվում են «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Աշոտ Ռաիսյանի հարազատները, «Վրաստանի հայրենասերների դաշինքի» որոշ ներկայացուցիչներ և այլք: