Ախալքալաքից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, ով խորհրդարան է մտել «Վրացական երազանք» կուսակցական համամասնական ցուցակով, երեկ ձեռնպահ է քվեարկել 2020 թվականին համամասնական ընտրակարգին անցնելու մասին սահմանադրական փոփոխությունների օրինագծի քվեարկության ժամանակ: Պատգամավորը բացատրում է. «Եթե օրենքն ընդունվեր, ապա մեր տարածաշրջանից խորհարդարանում կարող էինք ոչ մի ներկայացուցիչ չունենալ, դրա համար ես ձեռնպահ քվեարկեցի»:
Երեկ, նոյեմբերի 14-ին Վրաստանի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների օրենսդրական փաթեթի ընդունումը ձախողվեց: Խորհրդարանի դահլիճում գտնվող 37 պատգամավոր չի մասնակցել քվեարկությանը, այդ թվում՝ պատգամավոր Սամվել Մանուկյանը:
Մանուկյանը չի մասնակցել քվերակությանը, համարելով այն սխալ, և, որ Ջավախքը որպես տարածաշրջան կարող էր ներկայացված չլինել երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում:
«Կողմ քվեարկելը սխալ կլիներ մեր կողմից, ինչի՞, որովհետև ճիշտ ֆորմա չէր: Կարող է եվրոպական պետությունները մեզ խորհուրդ են տալիս, բայց նույն այդ պետությունները, որոնք մեզ խորհուրդ են տալիս, իրենց պետություններում չունեն լրիվ համամասնական ընտրական սիստեմ: Եթե օրենքն ընդունվեր, մեր տարածաշրջանից խորհրդարանում կարող էինք ոչ մի ներկայացուցիչ չունենալ, դրա համար ես ձեռնպահ քվեարկեցի: Այդ օրինագծի ընդունումը մեր պետությունը քաոսի կվերածեր: Ես 4-5 ամիս է հետաքրքրվում եմ այս հարցով և հասկացա, որ այդ օրինագիծը ոչ մի օգուտ չի բերի մեզ: Ջավախքը, որպես տարածաշրջան պատգամավոր չէր ունենա: Եվ, փաստորեն ուղիղ կապ կենտրոնական իշխանությունների հետ չէր լինի»,- Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սամվել Մանուկյանը:
Հարկ է նշել, որ իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը դեռ ամռանն էր համաձայնություն տվել խառը ընտրակարգից համամասնականի անցնելուն՝ Թբիլիսիի կենտրոնում ցույցի դուրս եկած երիտասարդության և ընդդիմության ճնշման տակ: Այն ժամանակ կողմ էր արտահայտվել իշխող կուսակցության 93 անդամ, սակայն այժմ պարզվում է, որ մեծամասնականով ընտրվածներից շատերը դեմ են դրան: Չնայած այն հանգամանքին, որ ընդդիմությունը կողմ է քվեարկել ընտրական փոփոխություններին, ընդհանուր առմամբ հաջողվել է ստանալ միայն 101 կողմ քվե, անհրաժեշտ 113-ի փոխարեն: