Ախալքալաքի շրջանի Ազավրեթ գյուղի հանրային դպրոցի դասասենյակները բավարար չեն, այդ իսկ պատճառով դասերն ընթանում են երկհերթյա:
Ազավրեթ գյուղի դպրոցը կառուցվել է 1957 թվականին: 221 աշակերտ ունեցող դպրոցի տնօրենը դպրոցաշինության հարց է բարձրացնում, քանզի դասասենյակները քիչ են, իսկ աշակերտները շատ: Ախալքալաքից 35կմ հեռավորության վրա գտնվող այս գողտրիկ գյուղում դասերն սկսվում են առավոտյան 9-ին և վերջանում երեկոյան 6-ին: Դպրոցը ընդամենը 9 դասասենյակ ունի, յուրաքանչյուր դասասենյակի մակերեսը 30 մ քառակուսի է, որտեղ 25 աշակերտ է նստում: Դպրոցի տնօրինությունն ստեղծված իրավիճակից միակ ելքը գտել է երկհերթյա պարապմունքների մեջ:
«9-ը դասասենյակ ունենք առանց լաբորատորիայի, գրադարանը պահեստի է վերածվել, շարժվելու տեղ չկա, արտադասարանական միջոցառումներ չենք կարողանում անցկացնել, արև, ձյունի տակ ֆիզկուլտուրա ենք անում: Օրվա տևողությունն էլ չի հերիքում, երեխան հոգեբանորեն չի կարող ընկալել դասը, հասկանում եք 12-րդ ժամով մաթեմատիկա է դասավանդվում»,- ասաց Ազավրեթ գյուղի դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Հարություն Այվազյանը:
«Ամեն տարի դպրոցի միջոցներով ինչ-որ վերանորոգում ենք անում, որը ավելի շատ դպրոցի սանիտարահիգենիկ բարելավմանն է ուղղված: Մեր դպրոցի հիմնախնդիրն է դասասենյակների պակասը»,- ասաց տնօրեն Սլավիկ Եղիազարյանը:
Ազավրեթի 2-3-4 դասարանների երեխաները դպրոց են հաճախում օրվա երկրորդ կեսին, ինչը բացասական ազդեցություն է ունենում կրթության վրա:
«Մեր աշխատանքների վրա բացասական հետք է թողնում դպրոցը, շատ լավ գիտեք, որ երկհերթյա պարապունքները, օրվա երկրոդ կեսից հետո մտավոր աշխատանքը այնքան էլ արդյունավետ չէ: Ես հարցը բարձրացրել եմ նախարարի մակարդակով, հասկանում եմ որ մի օրում չեն կարող միանգամից խնդիրը լուծել, բայց ի նկատի ունենալով աշակերտների քանակը, շրջկենտրոնից հեռավորությունը նկատի ունենալով պետք է խնդրին լուծում տան»,- ասաց դպրոցի տնօրեն Սլավիկ Եղիազարյանը:
Մինչ Վրաստանի Կրթության և Գիտության նախարարությունը որոշում կընդունի գոնե դպրոցին կից 4 դասասենյակ կառուցի՝ 221 աշակերտ ստիպված է այս դպրոցում ու այս պայմաններում սովորել:
Աղունիկ Այվազյան