Ծնունդով խաշուրցի Մայա Գելաշվիլին արդեն 17 տարի է Ջավախքցի է։ 1998 թվականին Ախալքալաքի Օրջա գյուղ ժամանած վրաց լեզվի ուսուցչուհին սիրվեց բոլորի կողմից։ Այսօր նա արդեն լիարժեքորեն ինտեգրվել է հայ հասարակության մեջ, և սովորեցնում է վրացերեն Արագվայի բնակիչներին։
Վրաստանի էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում պետական լեզվի չիմացության խնդիրը մինչ հիմա էլ առկա է։ Մայա Գելաշվիլին այն ուսուցիչների խմբի մեջ էր, ովքեր առաջին անգամ եկան Ջավախքի գյուղերի դպրոցներ վրացերեն լեզու դասավանդելու։
Երբ իմացել է վրաց լեզվի ուսուցանման ծրագրի մասին սկզբում չի էլ մտածել, որ կմասնակցի։ Հետո տեղեկացել է, որ իր ընկերուհին մայրիկի հետ արդեն աշխատում է Ախալքալաքում և որոշել է փորձել։
“Ընկերուհուս մայրը, ով էլ իր տեղը ինձ զիջեց, ասաց, որ ապագայիս համար պետք է այդ աշխատանքը, և այդպիսով էլ որոշեցի գալ”, – ասում է Մայան։
Ինչպես ինքն է նշում, սկզբում դժվար է եղել, սակայն օտար չի զգացել իրեն ոչ գյուղում, ոչ էլ դպրոցում։ 1998 թվականից մինչև 2005 թվականը նա վրացերեն է ուսուցանել Օրջայի հանրային դպրոցում։
“Երբ եկա առաջին անգամ, ոչ գազ կար, ոչ լույս, ոչ էլ նորմալ ճանապարհ։ Մեքենան որ շարժվեց դեպի գյուղ, հետ նայեցի և ոչինչ չտեսա, քանի որ ճանապարհը ամբողջությամբ փոշին էր պատել”, – հիշում է Մայան։
Այնուհետև վերադարձել է Թբիլիսի։ 2009 թվականին նա որոշել է նորից հետ վերադառնալ, սակայն այս անգամ արդեն ընտանիքով։ Դիմել է մրցույթին և այս անգամ Ախալքալաքի շրջնի Արագվա գյուղի հանրային դպրոց է եկել և մինչ հիմա դասավանդում է այնտեղ։
“Երբ երեխա ունեցա չէի կարող նրան մենակ թողնել, ամուսինս հետս եկավ Ախալքալաք, այնուհետև ժամանակավոր մտավ դպրոց աշխատելու և հայտնվեց կողքիս”, – ասում է Մայան։
Մասնագիտական ձեռքբերումների մասին խոսելիս Մայան ասում է.
“Համեմատել առաջվա և ներկայիս վրացերենի իմացության մակարդակը իհարկե կարելի է։ Նոր որ եկա Ախալքալաք ոչ մեկ չգիտեր վրացերեն, անգամ վրացերենի ուսուցիչները չգիտեին, իսկ հիմա ուսուցիչները արդեն խոսում են”, – ասում է Մայան։
Իր աշակերտների հաջողությունների մասին հպարտությամբ է խոսում։ Նրա աշակերտներից սովորել ու սովորում են Վրաստանի տարբեր ԲՈՒՀ-երում։ Նրա առաջի աշակերտը, ով սովորել է Թբիլիսիում, Օրջա գյուղից է, ով հիմա Օրջայի հանրային դպրոցում վարացերենի ուսուցիչ է։
Ներկա դրությամբ Մայա Գելաշվիլին “Ոչ վրացալեզու դպրոցների մասնագիտական աջակցություն” ծրագրով է աշխատում։ Ծրագրի շրջանակներում նաև ուսուցիչները պետք է վրացերեն պարապեն այն աշակերտների, ինչպես նաև ուսուցիչների հետ, ովքեր ցանկություն ունեն ավելի խորացնել վրացերենի իմացությունը։
“Իմ պարապած խմբերի մեջ կան այնպիսի ուսուցիչներ, ովքեր հիմա արդեն B1 մակարդակի վրացերեն գիտեն”, – ուրախությամբ նշում է Մայան։
Աշխատել է նաև Ժվանիայի դպրոցում, վրացերենի դասընթացներ անցկացրել հարևան գյուղերի ուսուցիչների համար։
Մայան սկզբական շրջանում ապրել է Արագվայում, սակայն հիմա ապրում է Ախալքալաքում։
“Երբ աղջիկս մեծացավ, դարձավ դպրոցական առաջին դասարանը հաճախեց Արագվայի հայկական հանրային դպրոց, այնուհետև տեղափոխվեցինք քաղաք, որպեսզի երեխան վրացական դպրոց հաճախի”, – ասում է Մայան։
Մայան ժպիտով է հիշում իր աշակերտների խոսքերը.
“Աշակերտները գիտեին թե ես հայ եմ, իսկ ամուսինս վրացի։ Մի անգամ լսեցի, թե ինչպես են ասում “Մայա հարգելին ինչ էլ լավ գիտի վրացերեն, տեսնես որտեղ է սովորել”,- հիշում է նա։
Բացի վրացերենից Մայան գիտի նաև հայերեն։
“Երբ եկա մի բառ անգամ չգիտեի, բայց հիմա ինչքան որ պետք է շփման համար գիտեմ”։
Ապագայում թե ինչ կլինի, կմնան այստեղ թե ոչ, Մայան հաստատ չգիտի, բայց նշում է, որ հույս ունի այնպիսի խնդիրներ չեն առաջանա, որ թողնեն իրենց աշխատանքը և հեռանան։ Ըստ նրան Ջավախքում իրենք պետք են հասարակությանը։
“Ես կարծում եմ, որ մենք պետք ենք այստեղ։ Ոչ թե մենակ դպրոցում, այլ հասարակությանը նույնպես։ Օրինակ, երբ ինչ որ մեկին նամակ է գալիս, կամ խորհրդի կարիք ունի, դիմում են”, – նշեց Մայան։
Մայան 2019-2020 ուսումնական տարին դիմավորել է նոր պաշտոնով։ Նա հիմա առաջատար ուսուցչուհի է։
Գայանե Ակոջյան