Ջավախքի Գումբուրդո գյուղում կյանքի 91-րդ տարին է ապրում Ղազար Խանոյանը: Մարդ, ով 91 տարուց 16-ն ապրել է մենակ, հասցրել է տեսնել, թե պատերազմ, թե աքսոր, սակայն չի կորցրել ապրելու կամքը:

Ծնվել է 1924 թվականին Խանոյանների բազմանդամ ընտանիքում, ովքեր Արևմտյան Հայաստանից էին գաղթել Ջավախք: 1943 թվին զինվորագրվել է սովետական բանակ, կռվել է Բաղրամյանի բանակում, 1946-ին Լեհաստանում ոտքից վիրավորվել է և վերադարձել հայրական տուն:

Առանձնապես չի սիրում պատմել պատերազմի մասին և դժկամությամբ է համաձայնվում ցույց տալ մեդալները:
«Պատերազմը ավեր է, քանդում է երկիրը, ժողովրդին տանում է կործանում: Տարիներով կառուցում ես, իսկ պատերազմը մի օրում ամեն ինչ հողին է հավասարեցնում»,- ասում է Ղազար պապը:

Գումբուրդոյում բոլորը ճանաչում ու հարգում են Ղազար պապին, նրան անվանում են մերօրյա Խորենացի, նշելով, որ նրանից լավ ոչ-ոք չգիտի գյուղի պատմությունը: 3Գյուղամեջում հանդիպեցինք Ղազար Խանոյանին, ով իր հասկակիցների հետ դոմինո էր խաղում: Նա մեզ առաջնորդեց իր տուն: Հյուրասենյակն այնքան մաքուր է ու կոկիկ, որ երբեք չես մտածի այստեղ 16 տարի շարունակ տղամարդ է մենակ ապրում: Սեղանին օղու շիշն է բաժակներով, ջրով լի ամանը և համրիչը: Դիմացը անկողինն է խնամքով հավաքված, իսկ գլխավերևում սիրելի աղջկա լուսանկարն է, ում արդեն 5 տարի է Ղազար Խանոյանը չի տեսել:

Ղազար Խանոյանը 4 տղա և 2 աղջիկ, 16 թոռ և 5 ծոռ ունի: Երկու որդիները երիտասարդ հասակում մահացել են: 1999 թվականից, կնոջ՝ Մագդալենայի մահվանից հետո մենակ է ապրում:
5
«Հեռուստացույցն է իմ ընկերս: Տունը մարդ չկա, տղա չկա, թոռ չկա, մենակ մարդ եմ»:

Գյուղի ամենատարեց մարդն իր ապրած տարիների մասին խոսելիս կյանքը բաժանում է սև ու սպիտակ գույների:

«Մարդուն հարստություն պետք չէ, էնքան լինի, որ հասարակ ապրես երեխաներով, ծոռներով ու հարազատներով շրջապատված: Թեկուզ կիսափոր, բայց հարազատներով, դուռ-դրկիցով: Դրանից քաղցր կյանք չկա: Կար ժամանակ կանաչի էինք ուտում, սակայն երջանիկ էինք: Հիմի դժվար է, մարդիկ ուրիշ են, ով էլ լիներ իմ տեղը որդիներից մահից հետո չէր ուզենա ապրել, բայց Աստված ինչ տվել է պիտի տանենք»,- ասաց կյանքի մայրամուտն ապրող 91-ամյա ծերունին:
2
Աղունիկ Այվազյան