Հոկտեմբերի 1-ի երեկոյան, Ախալքալաքում «Ապագայի տանը» նշեցին մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան մեկ տարին:
«Ապագայի տանը» ցուցադրվեց «Կյանքը սիրո մեջ» վավերագրական ֆիլմը, որը պատմում է երգչի կյանքի մասին: Մինչ ֆիլմի ցուցադրությունը «Ապագայի տան» սաներ Նահապետ Ակոջյանը և Արթուր Չոբանյանը կատարեցին Ազնավուրի հայտնի երգերից՝ «Հավերժական սեր»-ը:
Միջոցառումը կազմակերպվել էր Ապագայի տան ղեկավարության կողմից:
«Ապագայում մենք կրկին կկազմակերպենք Շառլ Ազնավուրին նվիրված միջոցառումներ», – ասել է միջոցառման կազմակերպիչներից՝ «Ապագայի տան» տնօրեն Սաթենիկ Մահտեսյանը:
Միջոցառմանը ներկա էին նաև քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, քաղաքապետի տեղակալ Արմեն Մառանգոզյանը, Մշակույթի, սպորտի, կրթության և երիտասարդության հարցերով ծառայության ղեկավար Վալերի Ստելմաշովը և պաշտոնյա այլ անձինք:
2018 թ.-ի հոկտեմբերի 1-ին՝ իր կյանքի 94-րդ տարում կյանքից հեռացավ ֆրանսիական շանսոնի լեգենդ Շառլ Ազնավուրը:
Շառլ Ազնավուրը (Շահնուր Վաղինակ Ազնավուրեան) ծնվել է 1924 թ.-ի մայիսի 22-ին, Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Ազնավուրի հայրը` Միքայել(Միշա) Ազնավուրյանը ծնվել է Ախալցիխեում, արմատներով Էրզրումից, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը ծնվել է 1902 թվականի նոյեմբերի 10-ին Իզմիրում (Թուրքիա) հայ վաճառականների ընտանիքում: Նրանք հազվադեպ Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից էին: Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվեց Փարիզ, որտեղ էլ ծնվեց Շառլ Ազնավուրը:
Շառլ Ազնավուրը համարվում է XX դարի ամենահայտնի ֆրանսիացի կատարողներից մեկը: Իր կարիերայի ընթացքում նա ստեղծագործել և ձայնագրել է ավելի քան 1300 երգ: Նրա ձայնասկավառակները վաճառվել են ավելի քան 180 միլիոն օրինակներով: Բացի այդ, նա նկարահանվել է ավելի քան 60 կինոնկարում:
Բրատիսլավ Իգիթխանյան