Այսօր առավոտվանից Բաքու-Թբիլիսի-Կարս-Ախալքալաք երկաթուղային կայարանի շինարարության բանվորները գործադուլ են հայտարարել, փակել են շինարարություն տանող ճանապարհը և խոստանում են, որ աշխատավարձերի չվճարման դեպքում արգելափակելու են հիմնական ճանապարհը և սկսելու են հացադուլ:
Աշխատողների պահանջը մեկն է` վճարել նրանց չվճարված ամիսների աշխատավարձը: Գործադուլ հայտարարողներից մեկը Սուրեն Նիկողոսյանն ասում է, որ շատ վարորդներ թողել են աշխատանքը և գնացել աշխատելու Ռուսաստանում, քանի որ նրանց չեն վճարել աշխատավարձը:
«Ես աշխատում եմ, այս կայանի շինարարական աշխատանքները սկսելուն պես: 4 տարի է արդեն: Աշխատում ենք պայմանագրով: Անձամբ ինձ պարտք են 4000 լարի, 4 ամսվա համար: Անցյալ տարի աշխատում էինք, բայց լավ էին վճարում: Մեզ ասում են, որ ադրբեջանական ընկերությունը փողը չի փոխանցել, իսկ այստեղի ադրբեջանցի գլխավորը ասում է, որ նրանք փոխանցել են: Հիմա մենք չգիտենք, թե ինչն է պատճառը, ովքեր են փոխանցել և ովքեր` ոչ: Բելառուսցիները, ովքեր մեզ հետ էին աշխատում, փախան տներով, նրանք սոված էին մնում, ապրում էին վարձում, նրանք գումար չունեին», – ասում է Սուրեն Նիկողոսյանը:
Ըստ աշխատողների, նրանց անմիջապես վճարում է բելառուսական ընկերությունը «СС Հոլդինգը» (գտնել կամ ավելի կոնկրետ տեղեկություններ իմանալ, այս ընկերության մասին չհաջողվեց), սակայն դրա համար գումարը պետք է փոխանցի ադրբեջանական ընկերություն` ՍՊԸ “Դեմիրոլ ծառայությունը”:
Ինչպես ասում են ցուցարարները, նրանց ամեն անգամ համոզում են սպասել, բայց մինչ օրս ոչ մի կոպեկ չեն վճարել:
«Մենք աշխատում ենք «СС» ընկերության հետ, նրանք մեզ անցյալ տարի աշխատավարձը լավ վճարեցին: Այս տարի, ընկերությունը պետք է ստանար գումարը «Դեմիրյոլայից», որի ներկայացուցիչները եկան մեզ մոտ ու ասացին, աշխատեք մեկ շաբաթ, կստանաք վճարը հաջորդ շաբաթ: Ահա այսպես մենք աշխատում ենք 4-5 ամիս: Մինչ օրս մենք չենք ստացել ոչ մի կոպեկ: Տանը նույնիսկ հացի գումար չկա, ահա թե ուր ենք արդեն հասել: Այստեղ աշխատել են՝ Փոկա, Փարվանա, Գանձա գյուղերից մոտ 50 մարդ, և ոչ մի կոպեկ չեն ստացել: Նախկինում այսպես սևամորթներն են աշխատել, առանց հացի ու ջրի, միայն ձին ու մտրակն է պակասում», – ասում է Հովիկ Աղայանը Փարվանա գյուղից:
Ցուցարարների թվում, տեղի հայեր են, վրացիներ, Վրաստանի այլ տարածաշրջաններից եկածներ, ինչպես նաև բելառուսներ: Բելառուսական ընկերությունը, ըստ ներկայացուցչի, որը չցանկացավ ներկայանալ, հաղթելով տենդեր-մրցույթում, իրականացրել է ինժեներական ծառայությունները:
«Այստեղ մեզ մոտ կան բոլոր տարածաշրջաններից, նախագծի բոլոր փուլերում: Պարտք առնելու քաղաքականությունը շարունակվում է 2007 թ.-ից: Ես ունեմ ծանոթ ինժեներներ, որոնք հեռացել են Թբիլիսիի գրասենյակից, քանի որ նրանք նույն իրավիճակում են հայտնվել: Ինձ զգուշացրել են, որ ես փախչեմ, քանի որ աշխատավարձը կլինի մեկ անգամ կես տարվա ընթացքում», – ասում է բելառուսական ընկերության «СС Հոլդինգ»-ի ներկայացուցիչը:
Ինչպես հավաստիացնում է Տարիել Կախաձեն, նույնպես վերոնշյալ ընկերության ներկայացուցչը, ադրբեջանական ընկերություն «Դեմիրյոլ ծառայությունը» պարտք է «СС» ընկերության 5.5 մլն ԱՄՆ դոլար: Այս ամենի պատճառով, «СС»-ն չի վճարում աշխատողների աշխատավարձերը:
«Մենք կես տարի է ինչ աշխատում ենք պատվիրատու “Դեմիրյոլի” հետ: 6 ամիս է աշխատում ենք պայմանագրի համաձայն, յուրաքանչյուր հինգերորդ օրը, մենք պետք է ստանանք աշխատավարձ: 6 ամիս է, չեն վճարել ոչ մի կոպեկ, ոչ աշխատողներին, ոչ օպերատորներին, ոչ ինժեներներին, ոչ բրիգադիրներին, ոչ-ոքի բացարձակապես: Ամեն օր ասում են այսօր կվճարենք, վաղը կվճարենք: Մենք կսկսենք հացադուլ, կնստենք երկաթուղու ճանապարհին, մինչև չվճարեն: Տանը կինս ու երեխաներս են սոված, այստեղ մենք ենք սովամահ լինում: Եթե ուշադրություն դարձնեն մեր խնդրին, կառավարությունը կամ մեկ ուրիշը, մենք դուրս կգանք այս իրավիճակից, շատ շնորհակալ կլինենք», – ասում է Տարիել Կախաձեն:
Ըստ Կախաձեի նրանց մոտ աշխատում է 70 մարդ: Վարորդների մեկ բրիգադ, օպերատորների, շինարարների մեկ բրիգադ շենքում և 4 բրիգադ Թեթրի Ծղարոյից և Ծալկայից: Շատերը հուսահատվեցին: «Իմ ընտանիքը սովամահ է լինում: Խանութներում արդեն պարտք չեն տալիս», – ասում է երկաթուղու աշխատողը Թեթրի Ծղարոյից:
Ցուցարարները բողոքում են, որ շարունակելու են գործադուլը մինչև պարտքը չմարեն, նույնիսկ եթե դրա համար պահանջվի մեկ ամիս` «Մինչ փողերը չտան, մենք այստեղ կմնանք», – ավարտելով խոսքը ասացին նրանք:
Քրիստինե Մարաբյան
Ջուլիետա Տոնականյան