Հայաստանում անցկացվող բռնցքամարտի միջազգային առաջնությունում ախալքալաքցի բռնցքամարտիկները թիմային խաղով գրավել են առաջին հորիզոնական` նվաճելով 13 մեդալ, որոնցից 8-ը` ոսկե:
Սեպտեմբերի 27-ից 29-ը Հայաստանի Մարտունի քաղաքում անցկացվեց բռնցքամարտի միջազգային առաջնությունը ՝ նվիրված Հայաստանի անկախության 28-ամյակին:
Առաջնությանն Ախալքալաքից մասնակցում էին 13 մարզիկներ: Բոլորն էլ մրցանակային հորիզոնականներ են զբաղեցրել: Ախալքալաքցի մարզիկները վերադարձել են 8 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալներով:
Ոսկե մեդալակիրներ են դարձել՝ Գրիշա Էլիզբարյանը, Ժիրայր Սահարյանը, Ստեփան Զոփունյանը, Գոռ Այվազյանը, Վիգեն Փիլոսյանը, Սամվել Ղազարյանը, Արամ Խռիկյանը և Ալիկ Կուրղինյանը: Հիշեցնենք, որ Գոռ Այվազյանը 2019 թվականի Եվրոպայի չեմպիոնն է:
Երկրորդ տեղը զբաղեցրել են Արմեն Խաչատրյանը և Էդուարդ Ստեփանյանը:
Բրոնզե մեդալակիր են դարձել՝ Սերգեյ Թութունջյանը, Պավել Շահբազյանը և Հայկ Թևանյանը:
Բոլոր մարզիկներն էլ Ախալքալաքի մարզահամալիրի սաներ են: Մարզիկներին մարզում են տարբեր մարզիչներ՝ Ատոմ Էլիզբարյանը, Գագիկ Էլիզբարյանը, Վենեդիկ Ղազարյանը և Աղասի Էլիզբարյանը:
Ըստ մարզիչ Գագիկ Էլիզբարյանի, արդյունքն այնպիսին էր, ինչպիսին ակնկալում էին իրենց բռնցքամարտիկներից:
«Մենք ակնկալում էինք դրական արդյունք, և այդպես էլ եղավ», – ասում է Գագիկ Էլիզբարյանը:
Ընդհանուր առմամբ, առաջնությանը մասնակցում էր ավելի քան 200 մարզիկ՝ Վրաստանից, Հայաստանից, Ռուսաստանից և Լեռնային Ղարաբաղից: