Այսօր, սեպտեմբերի 26-ին Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի համերգային մեծ դահլիճում կայացավ Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյանին նվիրված դասական երաժշտության համերգ։
Միջոցառումն սկսվեց Կոնստանտինե Վարդելիի անվան լարային քառյակի կատարմամբ՝ «Այ Այլուղդ» ստեղծագործությունով։ Ելույթ ունեցան՝ Դիմիտրի Բոքոլիշվիլին, Համբարձումյան «Կոմիտասին» ստեղծագործությունով, ինչպես նաև Վիրահայոց թեմի «Մակար Եկմալյան» երգչախումբը:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի հանրապետության պատվիրակությունը գլխավորող պատգամավոր, Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և այլ բարձր պաշտոնյա անձինք։
Միջոցառումն իրականացվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի՝ Կոմիտասին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում: Համերգային ծրագրում ընդգրկված էին Կոմիտասի անմահ ստեղծագործությունները:
Հատկանշական է, որ վարդապետական աստիճան ստանալուց հետո Կոմիտասը ժամանում է Թբիլիսի՝ հայ ճանաչված երգահան Մակար Եկմալյանի մոտ երաժշտական գիտելիքները զարգացնելու և հարմոնիայի դասեր ստանալու համար: Այնուհետև հայտնի բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի աջակցությամբ ուղևորվում է Գերմանիա՝սովորելու: Ավելի ուշ՝ Կոմիտաս վարդապետը համերգներ է տալիս և դասախոսություններով հանդես գալիս Թբիլիսիում՝ նորովի բացելով հայ հոգևոր, ազգային երգարվեստի գանձարանը:
Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյանը ներառված է UNESCO-ի հոբելյանական միջոցառումների ցանկում: Հայ մեծ երգահանը ժողովրդական երգերի հետ միասին մեծ ավանդ է ներդրել հայ հոգևոր երաժշտության զարգացման մեջ: Նա ստեղծել է Պատարագ, որը առանձնահատուկ է իր յուրահատկությամբ, նորարարական կողմերով և աշխարհիկ ոգով:
Ռիմա Մառանգոզյան