Հնագիտական հետազոտություններ են սկսվել Աբուլ և Շաորի ամրոցների մոտակայքում, որոնք իրականացվում են Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության գործակալության աջակցությամբ: Պեղումների արդյունքում նախատեսվում է պատմական տեղեկություններ հայտնաբերել կառույցների վերաբերյալ և ներկայացնել նրանց թեկնածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Աբուլ լեռան ուսումնասիրության տարածքում աշխատանքները սկսվել են սեպտեմբերի 7-ին և գտնվում են սկզբնական փուլում: Որպես այս արշավախմբի մաս՝ նախատեսվում է նաև պեղումներ իրականացնել Շաորի ամրոցում:
«Ընդհանրապես, այդ հուշարձանները հայտնի են 19-րդ դարից և պարբերաբար ուսումնասիրություններ են եղել, բայց հնագիտական տարածք երբևէ չի եղել: Այժմ մեր հիմնական նպատակը փաստաթղթեր կազմելն է, որպեսզի այդ հուշարձանները ներառվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, որպեսզի դրանք ավելի պաշտպանված լինեն», – ասում է հնագիտական արշավախմբի ղեկավար Գոդերձի Նարիմանիշվիլին:
Ըստ նրա՝ սա շատ բարդ գործընթաց է, որը պահանջում է մանրակրկիտ աշխատանք: Առաջին հերթին անհրաժեշտ է հաստատել հուշարձանների շերտագրությունը, այսինքն՝ ամրոցների «կյանքի փուլերը»: Երբ են դրանք կառուցվել, երբ են գործել և երբ են դադարել գոյություն ունենալ: Դրանից հետո, հաջորդ փուլում, կապվելու ենք հարակից մասնագետների հետ` ճարտարապետներ, պալեոնտոլոգներ, պալեոբնագետներ, մարդաբաններ, լուսանկարիչներ և շատ ուրիշներ:
«Մեկ սեզոնում որոշել ենք վերջացնել աշխատանքները: Ճիշտ է ֆինանսավորման դժվարություններ կլինեն, բայց ամենակարևորն այն է, որ մենք սկսել ենք, և մեզ խոստացել են, որ ամեն կերպ կօգնեն փաստաթղթեր կազմել ՅՈՒՆԵՍԿՕ ներկայացնելու համար», – ասաց նա:
Արշավախմբի ղեկավարի խոսքով, հնագիտական պեղումներն իրականացվում են փոքր մասշտաբով` 2-3 մետր երկարությամբ, 1-1,5 մետր լայնությամբ: Վերեւի շերտերը ներկայումս մաքրվում են: Աշխատանքը կվերսկսվի հաջորդ շաբաթ և կտևի ևս 10 օր:
«Կարելի է փաստել, որ 11-13-րդ դարերում Աբուլի համալիրն արդեն գործել է: Հետագա պեղումները ցույց կտան օբյեկտի ճշգրիտ կյանքը: Մ.թ.ա. առաջին հազարամյակի կերամիկայից և բրոնզի բեկորներ արդեն հայտնաբերվել են ավելի վաղ, ուստի մենք կարծում ենք, որ այդ ամրոցը կառուցվել է այդ ժամանակ», – ասաց Գոդերձի Նարիմանիշվիլին:
Աշխատանքներն իրականացնում է Մշակութային հուշարձանների պահպանության և ուսումնասիրման կենտրոնը` Գոդերձի Նարիմանիշվիլիի գլխավորությամբ:
«Ես անձամբ և իմ բոլոր աշխատակիցները 1989 թվականից աշխատում ենք այս տարածաշրջանում և շատ լավ գիտենք տեղանքը», – ասաց Նարիմանիշվիլին: