Վրաստանում արդեն չորրորդ ամիսն է էժանանում է որպես հիմնական շարժիչային վառելիք օգտագործվող հեղուկ գազը, սակայն Ախալքալաքի վարորդները, ընդհակառակը, խոսում են գազի գնի թանկացման մասին։
Խոշոր ներկրողներից մեկի՝ Նիկա Խոփերիայի կարծիքով, հատկապես խնդրահարույց էր բիզնեսի համար 2021 թվականը, որը ոլորտը կանգնեցրեց մեծ մարտահրավերների առաջ՝ հեղուկ գազի գնի կտրուկ աճը հանգեցրեց պահանջարկի զգալի մասի կորստի, և այժմ բիզնեսն աստիճանաբար դուրս է գալիս ճգնաժամից՝ երկարատև ժամանակահատվածում ցածր գների հաշվին։
«Վերջին 3-4 ամիսների ընթացքում հեղուկ գազն էժանացել է, և բիզնեսն աստիճանաբար վերադառնում է կայուն վիճակին։ Նախորդ տարի 1 խ/մ գազն արժեր 1,95 լարի, իսկ հիմա 1,35-ից ոչ ավել։ Նավթամթերքի թանկացման պատճառով գազի պահանջարկն աճել է մոտ 20%-ով»,- հայտարարել է Նիկա Խոփերիան, գրում է bizzone.info-ն։
Չնայած Վրաստանում ընդհանուր միտումին, այսօր Ախալքալաքում 1 խ/մ հեղուկ գազը գնում են 1,7 լարիով։ Տարեսկզբին ավտոմեքենայի լիցքավորումն արժեր 1,37 լարի՝ մեկ խորանարդ մետր գազի դիմաց։ Վերջին մեկ ամսվա ընթացքում հեղուկ գազը թանկացել է նաև Ախալքալաքում, ուստի մեկ ամիս առաջ 1 խ/մ գազն արժեր 1,6 լարի։ Ինչպես ասում են ոչ միայն Ախալքալաքում հեղուկ գազ օգտագործող վարորդները, Ախալցիխեում և Թբիլիսիում գազի գներն ավելի ցածր են, քանի որ Ախալցիխեում 1 խ/մ գազն արժի 1.5 լարի, իսկ Թբիլիսիում՝ 1.48 լարի։