Այսօր, սեպտեմբերի 9-ին Եկատերինբուրգում մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որին Վրաստանը ներկայանում է 4 մարզիկով՝ Օթար Երանոսյան, Լաշա Գուրուլի, Նիկոլոզ Բեգաձե և Նոդար Դառբաիձե: Օթար Երանոսյանը Ախալքալաքի մարզահամալիրի սան է, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի փոխչեմպիոն:
Աշխարհի 87 երկրներից, ավելի քան 450 մարզիկներ արդեն 20-րդ անգամ կպայքարեն մոլորակի ամենաուժեղների տիտղոսից մեկի համար։ Մրցապայքարը կընթանա 8 քաշային կատեգորիաներում: Այն կանցկացվի միայն տղամարդկանց միջև և կտևի մինչև սեպտեմբերի 21-ը։
Օթար Երանոսյանի մարզիչն է Ատոմ Էլիզբարյանը: Բռնցքամարտի աշխարհի առաջնությանը Օթարի առաջին մենամարտը նշանակված է սեպտեմբերի 14-ին:
«63 կգ քաշային կարգում մենամարտերը կսկսվեն սեպտեմբերի տասից, սակայն Օթարին, որպես լավագույն մարզիկ հանգիստ են տվել: Նրա առաջին մենամարտը նշանակված է սեպտեմբերի 14-ին»,- Jnews-ի հետ զրույցում ասաց Ատոմ Էլիզբարյանը:
Սպորտի այս տեսակում կանանց և տղամարդկանց առաջնություններ առանձին-առանձին են անցկացվում։
Մրցաշարին Վրաստանը ներկայացնելու պատիվը վերապահվել է 4 մարզիկի: Մարզիչներ՝ Բեժան Ճինճինավայի և Թեմուր Օչիգավայի գլխավորությամբ Եկատերինբուրգում, մեդալների համար կպայքարեն՝ Նոդար Դարբաիձեն (52կգ), Օթար Երանոսյանը (63կգ), Լաշա Գուրուլին (69կգ) և Նիկոլոզ Բեգաձեն (91կգ)։
Բռնցքամարտի աշխարհի առաջնության սկզբնական հանդիպումները կավարտվեն մինչև սեպտեմբերի 18-ը, իսկ կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը նշանակված են 20-ին և 21-ին։
Ռիմա Մառանգոզյան