Դեկտեմբերի 10-ին Ախալքալաքում ավարտվեց երեք օր տևած շախմատի դպրոցականների առաջնությունը:
Շախմատի առաջնությունն անցկացվում էր շվեյցարական մրցակարգով: Մասնակիցները միասին խաղացին 9 տուր, որից հետո ընտրվեց լավագույն եռյակները տղաների, աղջիկների և մինչև 12 տարեկանների միջև:
Տղաների պայքարում առաջին տեղը գրավեց Վլադիմիր Չախալյանը, 9 հնարավորից վաստակելով 8.5 միավոր: Երկրորդ հորիզոնականում նույնքան միավորով Դավիթ Չախալյանն է: Իսկ երրորդ հորիզոնականը 6,5 միավորով զբաղեցրեց Վելիխան Գաբրիելյանը:
Առաջին հորիզոնականը զբաղեցրած Վլադիմիր Չախալյանը, ինչպես ինքն է ասում, մրցույթին մասնակցում էր հանպատրաստից: «Արդեն երեք ամիս է շախմատ չէի պարապում, խաղում էի միայն մրցույթներին, սակայն ես հավատում էի, որ կարող եմ հաջողության հասնել», – ասաց առաջատարը: Նա Ախալքալաքի անցած երկու առաջնություններին գրավել էր երկրորդ տեղ:
Աղջիկներից առաջին տեղում Ասյա Գաբրիելյանն էր, 5,5 միավորով: Երկրորդ հորիզոնականում հայտնվեց Սոնա Կարախանյանը, իսկ երրորդը՝ Հրանուշ Կարախանյանը, համապատասխանաբար վաստակելով 5 և 4 միավորով:
Մինչև 12 տարեկանների չեմպիոնն առաջնության ամենափոքր մասնակիցն էր՝ Արտյոմ Պարոնյանը: Երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին Սանասար Ռստակյանը և Արման Թոքմաջյանը:
9 մեդալակիրներից 5-ը Ախալքալաքի շախմատի դպրոցի սան են, իսկ մյուս 4-ը՝ Դիլիսկա գյուղի շախմատի խմբակում են սովորում:
Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով և նվերներով:
Արթուր Մոսոյան