Այսօր առավոտյան գողացել են Կարծախ գյուղի գյուղապետ Ատոմ Հողմրցյանի 34 գլուխ խոշոր եղջերավոր անասունները՝ հետքերը տանում են դեպի թուրքական սահման:
Առավոտյան ժամը՝ 6 անց 30-ի սահմաններում Հողմրցյանի հարսները գնացել են անասնագոմ, կովերին կթելու, սակայն անասնագոմում ոչ մի անասուն չի եղել:
«Առավոտ հարսներս գնացել են կովերը կթելու, դռները լերթին բաց ու ոչ մի անասուն, հետքերը Թուրքիա կը տանին: 34 գլուխ անասուն, բոլորն էլ կթվող էին, մի անասուն սարերում մոլորված գտանք, իսկ 33-ին անցկացրել են սահմանը, նույնիսկ գտանք այն տեղը, որտեղ նստել հաց են կերել, հետքերը թարմ են: Ամբողջ գյուղը ոտքի է կանգնել, կանգնեցրել են երկաթգծի շինարարական աշխատանքները, այս պահին թունելներն են սարքում, գործին խառնվել է, թե ոստիկանությունը, թե ներքին գործերի նախարարությունը, հիմա քննարկումներ են ընթանում»,- պատմեց Կարծախ գյուղի գյուղապետ, 59 ամյա Ատոմ Հողմրցյանը:
Գողության փաստով ոստիկանությունում գործ է հարուցվել: Կարծախցիները համախմբված ոտքի են կանգնել և դադարեցրել են երկաթգծի շինարարական աշխատանքները: Կարծախ գյուղը գտնվում է վրաց-թուրքական սահմանին և ամբողջովին բնակեցված է հայերով: Կարծախով անցնող վրաց-թուրքական սահմանը դեռևս փակ է, այնտեղով երթևեկություն չի կատարվում:
Նշենք, որ սա անասունների գողության առաջին դեպքը չէ Ջավախքի գյուղերում, որոշ ժամանակ առաջ էլ գողացել էին Սուլդա գյուղից:
Սպասեք լրացուցիչ տեղեկությունների
Աղունիկ Այվազյան