Մասնագետներն այս տարի կանխատեսում են կարտոֆիլի գնի բարձրացում, ինչպես նաև ակնկալում են մեծ բերքատվություն:

Ավարտվում է հերթական գյուղատնտեսական տարին, և շուտով կսկսվի կարտոֆիլի բերքահավաքը: Չնայած այն բանին, որ այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետում եղանակը չոր էր, մասնագետները կանխատեսում են առատ բերք և կարտոֆիլի գնի բարձրացում:

Ըստ Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոնի առաջին կարգի ավագ մասնագետ Ռամազ Գոգոլաձեի, կարտոֆիլն այս սեզոնին երբեք այսքան չի արժեցել, որքան արժի հիմա:

«Այս սեզոնին կարտոֆիլն երբեք չի արժեցել 70-75-80 թեթրի, միշտ արժեր 40-50 թեթրի: Հնարավոր է, մինչ ուսումնական տարվա սկիզբ, գինը մի փոքր իջնի, քանի որ շատերը համատարած ստիպված կսկսեն կարտոֆիլը քանդել: Այս տարի ամեն ինչ թանկացել է. դեղերը, կարտոֆիլի վերամշակման այլ միջոցները և կարտոֆիլի գինը համապատասխանում այսօրվա ծախսերին, եթե դրանից ավելի էժան լինի, ապա անիմաստ է կարտոֆիլ մշակելը », – ասում է Ռամազ Գոգոլաձեն:

«Ախալքալաքի կարտոֆիլ» ասոցիացիայի խորհրդի նախագահ Մախարե Մացուկատովը գտնում է, որ այս տարի կարտոֆիլի գինը նորմալ է:

«Եթե հետևենք տենդենցին, ապա դոլարը թանկացել է, կարտոֆիլը նույնպես կթանկանա: Այս տարի Եվրոպայում և Ուկրաինայում կարտոֆիլի բերքը քիչ է, չնայած ես չգիտեմ, թե ինչ իրավիճակ է Թուրքիայում, ուստի գինը պետք է նորմալ լինի », – ասում է Մախարե Մացուկատովը:

Բացի այն, որ կարտոֆիլի գինը նախորդ տարվա համեմատ բարձրացել է, փորձագետներն այս տարի կանխատեսում են կարտոֆիլի առատ բերք, չնայած մինչ այժմ նրանք ձեռնպահ են մնում բերքատվության ցուցանիշը անվանելուց:

Ռամազ Գոգոլաձեն կարծում է, որ բերքատվության բարձրացմանը, ի թիվս այլ բաների, նպաստում է նաև այն, որ ֆերմերները սկսել են կարտոֆիլը մշակել տեխնոլոգիաներին համապատասխան:

«Մինչև չհավաքենք շուտ է խոսել բերքատվության մասին, բայց նախորդ տարվա համեմատ, այս տարի ավելի լավ է, քանի որ մարդիկ սկսել են ցանել կարտոֆիլի նոր սորտեր, ինչպես նաև սովորել են կարտոֆիլը մշակել տեխնոլոգիաներով», – ասում է Ռամազ Գոգոլաձեն:

Նա չի բացառում այն փաստը, որ այն տարածքներում, որտեղ կարտոֆիլը ոռոգվել է, բերքն ավելի առատ կլինի:

Մախարե Մացուկատովը ևս կարծում է, որ այս տարի առատ բերք կլինի, բայց որակի առումով առայժմ նա երկմտում է:

«Առատ բերք է սպասվում, չնայած այն հանգամանքին, որ տարին անբարենպաստ էր: Այն ֆերմերները, ովքեր ճիշտ և ժամանակին են մշակել, լավ բերք կստանան, չնայած այս տարի խնդիր կար, կարտոֆիլը հիվանդացել էր «սև ոտիկ» հարուցիչով և «ռիզոնտորիոզ» սնկային հիվանդությամբ: Թե որքանով բարձրորակ է կարտոֆիլը դեռևս չենք կարող ասել: Գուցե քանակ լինի, բայց որակը պարզ կլինի հետագայում, տեսնենք », – ասում է Մախարե Մացուկատովը:

Շուշան Շիրինյան