Երեկ՝ մարտի 14-ին, Ախալքալաքի քաղաքապետարանի նիստերի դահլիճում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները ներկաներին ներկայացրեցին գյուղատնտեսական տեխնիկայի գնման ֆինանսավորման պետական ծրագիրը կոոպերատիվների համար։ Ծրագիրը գործում է մարտի 6-ից։
Գյուղատնտեսության նախարարության կոոպերատիվների զարգացման և կոոպերատիվների աջակցության գործակալության առաջատար մասնագետ Գիգա Ռեխվիաշվիլին և մասնագետ Ռեզո Խոխոբաշվիլին ներկաներին պատմեցին, թե ինչ է պետք անել պետական ծրագրին մասնակցելու համար։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Ախալքալաքի գյուղատնտեսության տեղեկատվական և խորհրդատվական կենտրոնի աշխատակիցները։ Տեղեկությունը թարգմանում էր Տեղեկատվական և խորհրդատվական կենտրոնի մասնագետ Նանա Բրոյանը։
Ախալքալաքի գյուղատնտեսական տեղեկատվական և խորհրդատվական կենտրոնի ավագ մասնագետ Ռամազ Գոգոլաձեն, հանդիպումը սկսեց կոոպերատիվների կարևորության մասին տեղեկությունով, որ կոոպերատիվները շատ հնարավորություններ ունեն, որոնք անհատ ֆերմերը չունի։ Եվ այս պետական ծրագիրը մեկնարկել է հատուկ կոոպերատիվների զարգացման համար։
Գիգա Ռեխվիաշվիլին ասաց, որ ծրագրի հիմնական պահանջն այն է, որ ծրագրին մասնակցում են միայն կոոպերատիվները։ Կոոպերատիվ կարող է ստեղծել առնվազն 5 հոգուց բաղկացած խումբը, և նրանք պետք է ունենան պետական ռեգիստրում և մեկ տարածքային տեղամասում գրանցված ընդհանուր 10 հեկտար հողատարածք։
Կոոպերատիվները պետք է ունենան գյուղատնտեսական կոոպերատիվի կարգավիճակ։ Եթե ինչ-ինչ պատճառներով կարգավիճակը կորցրել են, ապա այն կարող են վերականգնել 10 աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան փաստաթղթեր ներկայացնելով գործակալություն։
Գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսավորման ծրագրի ընդհանուր ֆոնդը կազմում է 10 մլն լարի։ Ֆինանսավորվում է տրակտորի և կցորդների գնումը, բայց ոչ կոմբայնի և ոչ ավելի, քան 100 000 լարի։ Նմանատիպ կցորդից մի քանի հատ չի ֆինանսավորվում, սակայն տարբեր կցորդների գնումների քանակը սահմանափակված չէ, պարզապես պետական ֆինանսավորման չափը չպիտի գերազանցի 100 000 լարին։ Եթե, օրինակ, շահառուն տրամադրի 300 000 լարիի նախագիծ, ապա կֆինանսավորվի 100 000 լարի։ Գնված տեխնիկան պետք է լինի նոր։
Հողամասի հետ կապված հարցը շատերին էր հետաքրքրում, քանի որ կոոպերատիվ ստեղծելիս նրա անդամներից յուրաքանչյուրը պետք է հողամասի ներդրում ունենա։ Ինչ-որ մեկը կարող է ավելի շատ հող տրամադրել, մեկը՝ քիչ, բայց կոոպերատիվի անդամն անպայման պետք է իր սեփական հողամասը ներդնի կոոպերատիվի մեջ։
Գիգա Ռեխվիաշվիլին բացատրեց, որ շատ դեպքերում կոոպերատիվների անդամները հողամասի համասեփականատերեր են, այսինքն՝ հողամասը ոչ միայն մեկ անձի, այլ, օրինակ, ընտանիքի անդամների սեփականությունն է։ Իսկ եթե կոոպերատիվից կա ընտանիքի միայն մեկ անդամ, ապա այս դեպքում գոյություն ունեցող հողամասը պետք է բաժանել ընտանիքի անդամների թվին։ Կոոպերատիվի սեփականություն համարվում է ընդհանուր հողամասի միայն մի մասը։ Իսկ եթե ընտանիքի անդամները նույնպես կոոպերատիվի անդամ են, ապա դիտարկվում է ընդհանուր հողատարածք։
Կամ պետք է վերագրանցել ամբողջ հողամասը միայն մեկ անձի՝ կոոպերատիվի անդամի անունով։
Վարձակալված հողամասը ևս կարող է տրվել կոոպերատիվին, եթե այն վարձակալված է պետությունից, այլ ոչ թե մասնավոր անձից, և ունի պայմանագիր։
Հարց եղավ այն մասին, թե հնարավոր է արդյոք շահառուի գումարը վարկ վերցնել։ Պատասխանն այն եղավ, որ այո, կոոպերատիվը պետք է հաշվի վրա ունենա գումարի իր մասը։ Հյուրերը խոսեցին ծրագրի նրբությունների մասին։ Ծրագրի ընդհանուր ներկայացումից հետո ֆերմերները հարցեր ուղղեցին, որոնց պատասխանեցին Գիգա Ռեխվիաշվիլին և Ռեզո Խոխոբաշվիլին։
Մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել այս հղումով։
Խորհրդատվության համար կարող եք դիմել Ախալքալաքի գյուղատնտեսության տեղեկատվական և խորհրդատվական կենտրոն:
Մեկնարկել է գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման ֆինանսավորման նախագիծ