Ախալքալաքի մունիցիպալիտետն արդեն հայտարարել է շրջանի 17 դպրոցներում վերանորոգման նախագծերի կազմման նախապատրաստման տենդերները: Հիմնականում, վերանորոգվելու են սանհանգույցները, տանիքներ, կկառուցվեն թեքահարթակներ և կտարվեն մի շարք այլ աշխատանքներ:

17 դպրոցների վերանորոգման նախագծեր կազմելու համար մունիցիպալիտետը հայտարարել է հինգ տենդեր: Դեռևս ընթանում է տենդերներին մասնակցության հայտերն ընդունելու գործընթացը: Դպրոցներում հիմնականում կկառուցվեն ջրագծեր, հակասեպտիկներ, թեքահարթակներ՝ սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար, կնորոգվեն տանիքները և կանցկացվի շենքերի կոսմետիկ վերանորոգում: Վերանորոգման գումարները մոտավոր են և տարբեր են յուրաքանչյուր դպրոցի համար:

«Մեզ մոտ գումար է մնացել նախահաշիվները կազմելու համար, դրա համար մենք արդեն պատվիրում ենք նախագծեր, որպեսզի պատրաստ ունենանք: 7 դպրոցների համար մենք ունենք 1 միլիոն լարի, իսկ մնացածի համար գումարներ կլինեն, և մենք կսկսենք աշխատանքները », – ասում է Ախալքալաքի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության բաժնի պետ Գարիկ Գալիվոնջյանը:

Հետևյալ հանրային դպրոցներում մունիցիպալիտետը հաջորդ տարի մտադիր է իրականացնել վերականգնողական աշխատանքներ:

Դրանք են՝

Ղադո գյուղի դպրոցը, գումարը մոտավոր 125 000 լարի է կազմում,

Խանդո գյուղի դպրոցը՝ 105 000 լարի,

Կոկիոյի դպրոցը՝ 105 000 լարի

Բավրայի դպրոցը՝ 100 000 լարի

Աբուլի դպրոցը՝ 120 000 լարի

Բուզավեթի դպրոցը՝ 100 000 լարի

Գոմանի դպրոցը՝ 95 000 լարի

Արագվայի դպրոցը՝ 54 000 լարի

Փոքր Սամսարի դպրոցը՝ 80 000 լարի

Մեծ Սամսարի դպրոցը՝ 100 000 լարի

Մուրջախեթի դպրոցը՝ 100 000 լարի

Խորենիայի դպրոցը՝ 40 000 լարի

Ախալքալաքի թիվ 2 դպրոցը՝ 50 000 լարի

Սուլդա գյուղի դպրոցը՝ 125 000 լարի

Կարծախի դպրոցը՝ 125 000 լարի

Գոգաշենի դպրոցը՝ 60,000 լարի

Խավեթ գյուղի դպրոցը՝ 100 500 լարի:

Այս ցանկում չկա Ազավրեթ գյուղի դպրոցը, որը վաղուց անմխիթար վիճակում է, և երեխաներն այնտեղ սովորում են տանիքի փլուզման մշտական սպառնալիքի տակ: Պատգամավոր Հենզել Մկոյանը 2019-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասել էր, որ 2020 թվականին Ազավրեթում կկառուցվի նոր դպրոց: