Մարդու իրավունքների միջազգային Human Rights Watch կազմակերպությունը հրապարակել է 60 էջանոց զեկույց` Վրաստանի հանքերում աշխատանքային պայմանների վերաբերյալ: Ուսումնասիրությունը կոչվում է «Ոչ մի տարի առանց մահվան»: Իրավապաշտպանների խոսքով՝ աշխատանքային պայմանների բարելավումը և աշխատողների անվտանգության ապահովումն ամբողջովին գտնվում են երկրի իշխանությունների ձեռքում:
«Այնքան ժամանակ, մինչև Վրաստանը չկարգավորի աշխատողների աշխատանքային ժամերը, չի ստեղծի տեսչական համակարգ, որը կկարողանա լիովին ուսումնասիրել աշխատանքային պայմանների ազդեցությունն անվտանգությանը, հազարավոր հանքափորներ դեռ վտանգի տակ կլինեն», – ասվում է Human Rights Watch-ի հայտարարության մեջ:
Փորձագետները կարծում են, որ վրացի հանքափորների անվտանգությունը լուրջ ռիսկի է ենթարկում իշխանությունների ոչ պատշաճ կարգավորումը: Արդյունքում՝ հանքարդյունաբերության գործընթացում առաջնահերթությունը տրվում է արտադրության մասշտաբին, այլ ոչ թե աշխատողների կյանքին ու առողջությանը: