Ախալքալաքի շրջանի 62 գյուղերից 25-ում արդեն ավարտվել են «Օգնություն գյուղին» ծրագրի աշխատանքները, 19-ում դեռ գործընթացի մեջ են, իսկ 16-ում ընթանում է ստուգում:
Ամեն մի գյուղ ունի աշխատանքների իր վերջնաժամկետը: Վարչության Ենթակառուցվածքների ու տարածքի պլանավորման բաժնի ղեկավար Սիմոն Մանանյանը «Օգնություն գյուղին» ծրագրի աշխատանքները ընդհանուր առմամբ գնահատում է բավարար, բայց և չի բացառում որակային թերություններ:
«Հանձնաժողովը գնում է, ստուգում աշխատանքները, եթե գտնում է թերություններ` դրա վերաբերյալ նախազգուշացնում ենք շինարարական ընկերությանը` նրանք սեղմ ժամկետներում վերացնում են դա: Մինչև բոլոր թերությունները չվերացվեն` մենք աշխատանքները չենք ընդունում: Հիմնախնդիրներ ու բարդություններ աշխատանքի ժամանակ չեն եղել: Ելնելով աշխատանքների ծավալներից` բոլորը տարբեր ժամանակի գրաֆիկ ունեն», – ասում է Սիմոն Մանանյանը:
Միանման աշխատանքները տարբեր գյուղերում խմբավորված են և դրանք իրականացնում է մի ընկերություն:
Աշխատանքները, որոնք կապված էին ջրի անցկացման հետ` գյուղերում նոր են սկսվել. Սիմոն Մանանյանի խոսքերով մինչև հայտարարել են տենդեր, պատրաստել են փաստաթղթերը` անցել է ահագին ժամանակ: Բայց նա համոզված է, որ ընկերությունը ժամանակին կավարտի «Օգնություն գյուղին» ծրագրի աշխատանքները:
Բավրա, Մարտունի, Խոսպիո, Խանդո, Զակ, Գոման, Ազավրեթ, Տրկնա, Չամդուրա, Տուրցխ, Դադեշ, Մյասնիկյան, Խուլգումո և մի քանի այլ գյուղեր ավարտել են իրենց աշխատանքները: Կան նաև գյուղեր, որոնք կատարում են մի քանի աշխատանք և դրանք դեռևս չեն ավարտել:
Շուշան Շիրինյան