Հասարակություն 23 Հուլիսի, 2021 • Ինչու Ախալքալաքում չեն վստահում ապահովագրական ընկերություններին

Ախալքալաքի մունիցիպալիտետում ֆերմերներն առանց այն էլ դժկամությամբ էին ապահովագրում իրենց բերքը, սակայն ֆերմերների մոտ ապահովագրելու ցանկությունն ընդհանրապես կորավ, երբ կարտոֆիլի բերքի մեծ մասը չկարողանալով վաճառել, նետեցին աղբանոց:

Չնայած այն հանգամանքին, որ կարտոֆիլի բերքը հաճախ վնասվում է տարերային աղետներից, ֆերմերները միևնույն է չեն ապահովագրում այն: Նույնիսկ հաշվի առնելով այն փաստը, որ գյուղատնտեսական ապահովագրության գումարի 70% -ը ֆերմերի համար պետությունն է վճարում, իսկ 30% -ը՝ ֆերմերը: Ինչևիցե, ոմանք փորձեցին ապահովագրել բերքը, բայց նրանց մեծ մասն այլեւս չի ապահովագրում այն: Դրա պատճառը, ինչպես պարզվեց տարբեր գյուղերում Jnews- ի հարցումներից, անվստահությունն է ապահովագրական ընկերությունների նկատմամբ:

Ըստ Գոման գյուղի բնակիչ Չրաղյան Հարությունի, բերքը իրենց գյուղերում չեն ապահովագրում երկու պատճառով:

«Ես ապահովագրեցի իմ անասուններին և ոչինչ չստացա: Մենք չենք վստահում, դա մեզ մոտ ընդունված չէ: Չնայած եթե ինչ-որ մեկը դա աներ (ապահովագրեր), ապա մյուսները նույնպես կարող է հետաքրքրվեին: Հողերը ևս գրանցված չեն մեզ մոտ», — ասում է նա,- (խմբ. ֆերմերը կարող է ապահովագրել իր բերքը, եթե իր հողը գրանցված է):

Գոմանի բնակիչ Հակոբյանը նյարդայնացած ասում է, որ իմաստ չունի գումար ծախսել ապահովագրության համար:

«Ոչ, մենք չենք ուզում: Մենք ընդհանրապես շատ կարտոֆիլ չենք ստանում, անցյալ տարի լավ բերք էինք ստացել ու ինչ ստացվեց, այդ ամենը նետեցինք աղբանոց, չկարողացանք այն վաճառել», — ասում է Հակոբյանը:

Ոմանք կարծես արդարանում են ասելով, որ իրենց հողերը գրանցված չեն: Հարցին, իսկ եթե դրանք գրանցված լինեին, նրանք պատասխանում են.

«Դա արդեն կախված է վնասի փոխհատուցման չափից: Հետո ինչքան մենք նրանց հետևից վազենք, փոխհատուցում ստանալու համար», — ասում է Զակ գյուղի բնակիչներից մեկը:

Այնուամենայնիվ, որոշ ֆերմերների պատասխանները խոսում են գյուղատնտեսական ապահովագրության վերաբերյալ տեղեկատվության պակասի մասին:

«Ինչ-որ մեկը մեզ պետք է առաջարկի, մեր մոտ ոչ ոք չի եկել, ընկերության աշխատակիցները չեն առաջարկել: Չնայած մենք այդ դեպքում էլ կմտածեինք` դա մեզ համար շահավետ է, թե ոչ: Եթե ես վճարեմ 1000 լարի և ստանամ 400 լարի, դա շահավետ չէ, կամ եթե հետո չկարողանամ կարտոֆիլը վաճառել», — ասում է Օլավերդ գյուղի բնակիչ Ալեքսան Բերիկյանը:

Ալեքսանի խոսքով, իրենց գյուղում հազիվ 1-2 մարդ գտնվի, ովքեր ապահովագրել են իրենց բերքը:

Չամդուրա գյուղի խոշոր հողագործ- կարտոֆիլագործն ասում է, որ այս տարի նա 8000 լարի է ծախսել ապահովագրության վրա: Կարկուտը մի փոքր վնասել է նրա դաշտերը: Նա ապահովագրել է ինչպես հացահատկի, այնպես էլ կարտոֆիլի դաշտերը:

«Ես 5 տարի անընդմեջ ապահովագրում էի, այդ տարիներին կարկուտը չէր վնասում իմ արտերը, մի տարի չէի ապահովագրել ու այդ ժամանակ կարկուտը լուրջ վնաս հասցրեց: Այս տարի ես դեռ չեմ կարող գնահատել նրանց վերաբերմունքը, միշտ որոշվում է հօգուտ ընկերության: Ամեն ինչ կերևա երկու ամսից հետո: Նրանք եկել են, գնահատել, բայց դա անիրատեսական է », — ասում է չամդուրեցի ֆերմերը:

Գյուղատնտեսական ապահովագրությունը Վրաստանում գործում է 2014 թվականից: Կան շատ ապահովագրական ընկերություններ: Այս տարի Վրաստանում գյուղատնտեսական ապահովագրության շուկայում գործում է 8 ընկերություն՝ «Aldagi», «Prime Insurance Company», «Euroins Georgia», «Ardi», «Alfa», «TBS Insurance», «New Vision Insurance», «Georgia Insurance Group»:

Ախալքալաքի քաղաքապետարանում գրասենյակ ունի միայն «Aldagi»- ն, իսկ «New Vision Insurance»-ն այստեղ ունի իր ներկայացուցիչը:

Բերքի ապահովագրությունը պետական ծրագիր է: Ապահովագրված գումարի 70% -ը ապահովագրական ընկերությանը վճարում է պետությունը, իսկ 30% -ը` հողի սեփականատերը: Ախալքալաքի շրջանում բոլոր ընկերությունները բերքը ապահովագրում են կարկուտից, ջրհեղեղներից, աշնանային ցրտահարություններից և փոթորիկներից:

Հիշեցնենք, որ ապահովագրման ընդհանուր գումարը 1 հա կարտոֆիլի դաշտի համար կազմում է 1275 լարի, որից 382,50 լարին մուծում է ֆերմերը, իսկ 892,50 լարին՝ պետությունը: Ըստ ապահովագրման նորմերի 100% վնասի դեպքում կարելի է ստանալ 15 000 լարի: Այդ գումարը հաշվարկված է 1 կգ կարտոֆիլը 0,60 թեթրի և 25 000 կգ /հա հաշվարկով:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝