Օգոստոսի 11-ին Ախալցիխեում պաշտոնապես փակվեց «Ջավախք` գույների աշխարհ» փառատոնը, որին ներկայացված էին Վրաստանից և Հայաստանից երիտասարդ նկարիչների շուրջ 30 աշխատանք:

vistavka14

Օգոստոսի 8-ից 11-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամի, ինչպես նաև «Սփյուռքի ուսանողների խորհրդի» ֆինանսավորմամբ իրականացվեց «Ջավախք՝ գույների աշխարհ» պլեներային գեղանկարչության փառատոնը:

Պլեներ (ֆր.՝ en plein air, բառացի՝ բաց օդ, բացօթյա), գեղանկարչության մեջ տերմին, որով նշվում է արևի լույսի և օդի ազդեցությամբ պայմանավորված գունային փոփոխությունների ողջ հարստության վերարտադրումը նկարում։

Փառատոնին մասնակցելու համար ընտրվել էին 30 տաղանդավոր նկարիչներ Երևանից, Գյումրիից, Թբիլիսիից և Ջավախքից, ովքեր 4 օրվա ընթացքում պիտի ուղևորվեին Ջավախքի գեղատեսիլ տեսարժան վայրեր և ուղղակիորեն բաց երկնքի տակ նկարեին այդ վայրի բնապատկերը: Փառատոնի ավարտին հավաքվեց ավելի քան 100 կտավ, որոնք էլ հենց ներկայացվեցին եզրափակիչ ցուցահանդեսին: Ծրագրի շրջանակներում երիտասարդ նկարիչները այցելել են Փարվանա լիճ, Թմկաբերդ, Խերթվիսի, Վարձիա, Ջիվանու տուն-թանգարան, Աբուլ, Տավշանկա, Ռաբաթ, Ախալքալաքի բերդ և այլուր: Մասնակիցները բաժանվել էին 4 խմբերի, որոնցից յուրաքանչյուրն ուներ է իր երթուղին:

vistavka12

vistavka11

«Այսօրվա միջոցառումը վերջին տարիների առաջին զանգվածային միջոցառումն է Ջավախքում նկարչության ոլորտում: Պատահական չէ, որ այն տեղի է ունենում հենց Ախալցիխեում՝ այստեղ են ծնվել այնպիսի անվանի նկարիչներ, ինչպիսիք են Վ.Ա. Սուրենյանցը, Վ.Մ. Գայֆեջյանը, Ա.Կ. Կոջոյանը, կարելի է անվերջ շարունակել թվարկել, քանի որ Ախալցիխեում են ծնվել անվանի նկարիչներ: Այս իմաստով, պատահական չէ, որ Հայ նկարիչների միությունը, որը հիմնադրվել է 12 տարի առաջ, գործում է հենց Ախալցիխեում», – նշեց գործարար, բարերար, «Աջակցություն Ջավախքին» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը:

Անմիջապես միջոցառման ընթացքում՝ փառատոնի մասնակիցներից մեկը նկարեց Սոս Սահակյանի դիմանկարը, որը հետագայում նրան որպես նվեր մատուցվեց: «Ջավախքում արդեն ավանդական են դարձել Ջիվանու պոեզիայի և երաժշտության փառատոնը և Տերյանի պոեզիայի փառատոնը: Մենք որոշեցինք, որ գեղանկարչության փառատոն էլ պետք է լինի, և, իրոք, մենք հուսով ենք, որ այն կդառնա ամենամյա ավանդույթ», – կիսվեց նա:

vistavka9

«Սա շատ լայնածավալ երևույթ է ոչ միայն Ախալցիխեի և Ջավախքի, այլև Հայաստանում ապրող ջավախցիների համար: Մենք կարողացանք Հայաստանին և ողջ աշխարհին ներկայացնել, թե ով ենք մենք, ինչ բնություն ունի Ջավախքը և ինչ տաղանդներ կան այստեղ: Ես շատ գոհ եմ երիտասարդներից, նրանք արդեն համարյա արհեստավարժ են, պրոֆեսիոնալ: Մեկ պատմական հուշ. Մի անգամ՝ Ախալցիխեի պատմության մեջ առաջին անգամ Գայֆեջյանն անցկացրեց գեղարվեստական ​​ցուցահանդես, և այժմ՝ տասնամյակներ անց, մենք շարունակում ենք իր գործը իր իսկ արհեստանոցում: Թող իմանան, որ մենք կանք», – պատմեց Վիկտոր Հովհաննիսյանը` ծնունդով Ախալցիխեից արվեստագետը, ով ապրում է Երևանում, մասնակից խմբերից մեկի ղեկավարը:

vistavka3
Վիկտոր Հովհաննիսյանը և Սոս Սահակյանը

Նկարիչների շարքում էին ինչպես հայերը, այնպես էլ վրացիները: «Մենք ունենք ամենատարբեր մասնակիցները տարբեր քաղաքներից, ինչպես ազգությամբ հայեր, այնպես էլ վրացիներ: Ավելին, ոչ միայն Երևանից և Գյումրիից, այլև Աբովյանից, Կոտայքի տարբեր գյուղերից, մասնակցում էին նաև Ջավախքի բոլոր շրջաններից և Թբիլիսիից», – նշեց «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամի տնօրեն Սամվել Մկոյանը:

Մասնակիցները բաժանվել էին 4 խմբի՝ ամեն օր նրանք այցելում էին մեկ վայր, որը պետք է արտացոլեին կտավում: Աշխատանքային ծրագրից հետո մասնակիցները շփվում էին, ծանոթանում միմյանց հետ, ամեն ինչ անցավ ընկերական մթնոլորտում, ինչը նույնպես նպաստեց հայ-վրացական բարեկամությանը:

Սամվել Մկոյանը հույս հայտնեց, որ հաջորդ տարի փառատոնի աշխարհագրությունը կընդլայնվի, և դրան կմասնակցեն ամբողջ հայկական սփյուռքի ներկայացուցիչները:

vistavka10
Փառատոնի մասնակիցները

vistavka7
Նկարիչը Գյումրիից՝ իր աշխատանքների հետ միասին

Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցներին շնորհվեցին պատվոգրեր, իսկ երեք նկարիչների շնորհվեցին հատուկ մրցանակներ փառատոնի կազմակերպման գործում իրենց ակտիվության և աջակցության համար:

vistavka10