Կոթելիայում հարգանքի տուրք են մատուցել Օգոստոսյան պատերազմում զոհված ազատամարտիկ Թամազ Մելիքիձեի հիշատակին, ով ինքնակամ գնացել էր պատերազմի գոտի՝ 2008-ի օգոստոսի 6-ին և ռմբակոծության հետևանքով զոհվել օգոստոսի 9-ի առավոտյան:

11 տարի անց Թամազի ընտանիքը և գյուղացիները հավաքվել էին Ախալքալաքի շրջանի Կոթելիա գյուղի բլրի վրա գտնվող գերեզմանատանը: Ախալքալաքի շրջանի ղեկավարների հետ միասին նրանք հարգանքի տուրք մատուցեցին Կոթելիա գյուղի բնակիչ Թամազ Մելիքիձեի հիշատակին, ով 32 տարեկան հասակում զոհվել էր Օգոստոսյան պատերազմում:

«Արդեն 11 տարի է մենք գալիս ենք այս մարդու գերեզմանոցին և հիշում նրան որպես հերոս: Քանի որ նա մահացել էր օգոստոսի 9-ին, մենք գալիս ենք հենց այդ օրը: Նա իսկապես հերոս է: Մենք ցավակցում ենք զինվորի ընտանիքին: Ես կցանկանայի, որ նման դեպքեր չլինեն մեր երկրում», – նշում է Ախալքալաքի փոխքաղաքապետ Շալվա Բալախաձեն:

Պատերազմից առաջ Մելիքիձեի ընտանիքն ապրում էր Գորիում, քանի որ Թամազ Մելիքիձեն պայմանագրային զինծառայող էր: Հայրենի Կոթելիա գյուղ էին եկել հանգստանալու ճակատագրական պատերազմից ընդամենը երկու օր առաջ: Օգոստոսի 6-ի առավոտյան ստացված զանգը անդառնալի հետք թողեց Մելիքիձեի ընտանիքում: Թամազի ընտանիքը համաձայն չէր նրա որոշման հետ, նրանք համոզում էին որդուն չգնալ, սակայն նա առանց վարանելու մեկնեց պատերազմի գոտի, ասելով՝ «Ես զինվոր եմ»:

«Օգոստոսի 6-ին նրան զանգահարեցին և ասացին, որ նա պետք է գնա, և մենք նրան ամբողջ ընտանիքով ուղեկցեցինք, դրանից հետո նա մեզ հետ կապ այլևս չհաստատեց, քանի որ այնտեղ ռազմական դրություն էր, իսկ օգոստոսի 9-ի առավոտյան մեզ տեղեկացրեցին, որ նա մահացել է Գորիի ռմբակոծության ժամանակ», – հիշում է հանգուցյալի այրին՝ Թեան:

«Հարցը նրանում չէ, որ նա իմ ամուսինն էր: Դա միայն մեկ մարդու ցավ չէ, եթե չգնար նա, մեկ ուրիշը կգնար», – նշում է Թեան:

Այսօր, ամուսնու մահից հետո Թեան ուժ է գտել իր մեջ և աշխատանքի անցել Պաշտպանության նախարարությունում՝ դրանով իսկ շարունակելով ամուսնու անավարտ գործը: Ընտանիքը պետության կողմից հատուկ արտոնություններ չի ստանում:

«Պետությունն ասում է, որ Թամազը մարտնչել է Սաակաշվիլիի օրոք, սակայն ի՞նչ տարբերություն: Նա պայքարել է հանուն երկրի: Մենք պետությունից ստանում ենք միայն թոշակ, փառք Աստծո, որ գոնե դա էլ կա», – պատմում է նա:

2008-ի աշնանը Ախալքալաքի տեղական իշխանությունները Ախալքալաքում փողոց վերանվանեցին Թամազ Մելիքիձեի անվամբ: Հերոսի անունն է կրում նաև Կոթելիա գյուղի հանրային դպրոցը, որպեսզի սերունդները հիշեն և հարգեն պատերազմում զոհված հերոսների հիշատակը: