Այսօր` օգոստոսի 8-ին, Կոթելիա գյուղում հարգեցին Թամազ Մելիքիձեի հիշատակը, ով զոհվել է 2008 թ.-ի օգոստոսյան պատերազմում: Նա 2008 թվականի օգոստոսի 6-ին ինքնակամ գնացել էր մարտական գոտի և զոհվել օգոստոսի 9-ի առավոտյան՝ ռմբակոծության հետևանքով։
Զոհվածի ընտանիքն այս պահին ապրում է Թբիլիսիում, սակայն ամեն տարի այցելում է գյուղ։ Այսօր գյուղի բլրակի վրա գտնվող գերեզմանատանը Ախալքալաքի մունիցիպալիտետի ղեկավարությունը, զոհվածի ընտանիքի անդամները, համագյուղացիներն ու այլոք հարգանքի տուրք մատուցեցին 32 տարեկանում կյանքը հայրենինքին նվիրաբերած մարտիկի հիշատակին:
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանըն իր խոսքում ասաց.
«Ինչպես գիտենք այս օրը շատ ցավալի է եղել մեր պետության համար։ Օգտվելով առիթից ուզում եմ իմ հարգանքի ու երախտիքի խոսքը փոխանցել մեր բոլոր հերոսներին և բոլոր նրանց ովքեր իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի պաշտպանության համար, ամեն ազգ գոյատևում է, երբ ունի հզոր բանակ և ձգտում է պաշտպանել այն: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս մենք եկանք Կոթելիա, Թամազը իմ հարևան գյուղից էր և ես նրան անձամբ էի ճանաչում, ամեն տարի մեր պարտքն է գալ և հարգել մեր հերոսների հիշատակը և ապացուցելու, որ ոչինչ և ոչ ոք չի մոռացվի»:
Զոհվածի ընտանիքն ուզում է, որ Ախալքալաքում Թամազ Մելիքիձեի անվան հուշարձան կանգնեցվի։ Ախալքալաքի քաղաքապետը ներկաներին եւ Մելիքիձեների ընտանիքին ներկայացրեց արդեն պատրաստի նախագիծը։
«Հուշարձանի հետ կապված հայտարարվեց մրցույթ, չեմ կարող ասել ինչ պատճառներով, բայց մասնակից չէր եղել։ Այսօր մենք գյուղի բնակիչներին ցույց տվեցինք, որ նախագիծը պատրաստ է և պատրաստվում ենք երկրորդ անգամ հայտարարել մրցույթ, մոտ ժամանակներս ամեն ինչ պատրաստ կլինի և պաշտոնապես կհայտարարենք նաև բացման արարողության մասին», – մեզ հետ զրույցում նշեց քաղաքապետ Մելքոն Մակարյանը։
Թամազ Մելիքիձեն ծնվել է Կոթելիա գյուղում 1976 թվականին, սովորել է գյուղի հանրակրթական դպրոցում: Պարտադիր զինծառայությունն անցնելուց հետո, անցել է պայմանագրային ծառայության: Զոհվել է 2008 թ.-ի օգոստոսի 9-ի առավոտյան, Գորիում ռմբակոծության հետևանքով: