«Չնայած քարոզչությանը, Ռուսաստանի քաղաքացիները դեռ ցանկանում են գալ Վրաստան», – ասում է Զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավար Մարիամ Քվրիվիշվիլին:
Հուլիսին Ռուսաստանից Վրաստան միջազգային այցերի քանակը նվազել է ընդամենը 6,4 տոկոսով, իսկ աճը հունվար-հուլիսին կազմում է 22 տոկոս:
«Հուլիսին Ռուսաստանի քաղաքացիների մուտքն աճել է ցամաքային ուղիներով, ներառյալ «Կազբեգի» անցակետը: Ռուսաստանի քաղաքացիները շարունակում են օգտագործել տարանցիկ ուղիները», – նշել է Քվրիվիշվիլին:
Ընդհանուր առմամբ հուլիսին Վրաստան է այցելել 1 099 474 միջազգային այցելու, ինչը 5,8%-ով ավելի է 2018-ի նույն ժամանակահատվածից: Այս մասին հաղորդել է Զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավար Մարիամ Քվրիվիշվիլին՝ ամփոփելով II եռամսյակի զբոսաշրջության ցուցանիշները:
Ըստ նրա՝ զբոսաշրջային այցերի քանակը կազմել է 570 482, ինչը 5 505-ով ավելի է 2018 թվականի հուլիսից (աճը՝ + 1%):
Քվրիվիշվիլին նշել է, որ միջազգային այցելուների մեծ մասը ժամանել են Ադրբեջանից (+ 13,1%), Ռուսաստանից (-6,4%), Թուրքիայից (+ 9,6%) և Հայաստանից (+ 3.2%):
ԵՄ երկրները պահպանում են դրական տենդենցը. Գերմանիան՝ + 33,7%, Ֆրանսիան՝ + 29.6%, Լիտվան՝ + 20%, Լատվիան՝ + 17.4%, Լեհաստանը՝ + 15,7% և այլն: Նկատելիորեն աճել է զբոսաշրջիկների թիվը հետևյալ երկրներից՝ Քուվեյթ՝ + 58,1%, Չինաստան՝ + 55,6%, Ուզբեկստան՝ + 50.9%, Սաուդյան Արաբիա՝ + 42,1%, Հարավային Կորեա՝ + 38.9%, Ղազախստան՝ + 28.5%: